«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության դիրքորոշմանն ու հետագա քայլերին։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ խմբակցությունը ցանկացած իրավիճակի վերաբերյալ ունի հստակ մարտավարություն, սակայն վերջնական դիրքորոշումը կներկայացնի ընտրությունների արդյունքներից հետո։
«Խմբակցությունը ունի ցանկացած իրավիճակի վերաբերյալ հստակ մարտավարություն, պարզապես կխնդրեմ սպասել, ըստ արդյունքի, խմբակցությունը իր դիրքորոշումը կներկայացնի»,– նշել է նա։
Վարդևանյանը նաև անդրադարձել է ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված թեկնածուների ընտրության հարցին՝ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությամբ՝ ընդդիմադիր խմբակցության առաջադրումը պետք է հարգվի։
«Սա դասական, բարձր ժողովրդավարական ստանդարտի տեսանկյունից եմ նկարագրում։ Այստեղ հարցը ընտրվելու ապահովման տեսանկյունից է՝ ժողովրդի քաղաքական կամքի իրացման»,– ասել է նա։
Հարցին, թե արդյոք առաջադրված թեկնածուների չընտրվելու դեպքում խմբակցությունը կփոխի թեկնածուներին, Արամ Վարդևանյանը պատասխանել է․ «Մենք ցանկացած իրավիճակի վերաբերյալ ունենք կոնկրետ մարտավարություն։ Պարզապես եկեք շտապենք, տեսնենք արդյունքները, տեսնենք իրավիճակը, խմբակցության ղեկավարի կողմից կներկայացվի մոտեցումը»։
Անդրադառնալով հնարավոր հեռացմանը կամ նիստերից հեռանալուն՝ նա նշել է, որ նման մարտավարություն այս պահին չեն դիտարկում։
Վարդևանյանը նաև անդրադարձել է նախորդ օրը ԱԺ նիստերի դահլիճից Դավիթ Ղազինյանին հեռացնելու դեպքին՝ այն որակելով «ակնհայտ ապօրինի» և նշելով, որ դեպքը տեղի է ունեցել առանց իրավական հիմքի՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի խախտմամբ։
«Դա քաղաքական արձագանքի էր, որը, կարծում եմ, առավել քան ողջամիտ էր, տրամաբանական էր, ընդունելի էր»,– նշել է նա։
Իշխանության կողմից անհրաժեշտ 13 ձայնի ապահովման վերաբերյալ հարցին Արամ Վարդևանյանը նշել է, որ որևէ տեղեկություն չունի և այդ հարցը չի քննարկել։