«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1545 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 196-ով կամ 11,3 տոկոսով պակաս է։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Նրա խոսքով՝ թմրամիջոցների իրացման դեպքերը նույնպես նվազել են։ 2026 թվականի առաջին 6 ամիսներին արձանագրվել է իրացման 940 դեպք՝ նախորդ տարվա 1051-ի փոխարեն։
Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինների իրականացրած միջոցառումների արդյունքում առգրավվել և շրջանառությունից դուրս է բերվել 320 կգ 576 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում առգրավվել էր 301 կգ 40 գրամ, որից 17 կգ 450 գրամը՝ սինթետիկ ծագման թմրամիջոց։
Ցուցուլյանը նշել է նաև, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության աղբյուր է դարձել համացանցը։ Ընթացիկ տարում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 266 դեպք է հայտնաբերվել, որից 76-ը՝ իրացման, իսկ 190-ը՝ ձեռքբերման դեպքեր են։