«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմից անցած վեց տարիների ընթացքում դեռևս չպատասխանված հարցերին։
Նրա խոսքով՝ պատերազմը սկսելու, դրա ընթացքի և հնարավոր կանխման վերաբերյալ առանցքային հարցերի պատասխանները դեռևս չկան։
«Ինչպե՞ս ընդհանրապես ստացվեց, որ պատերազմը սկսվեց, ինչպե՞ս ընթացքը տեղի ունեցավ, ինչո՞ւ ավելի շուտ հնարավոր չեղավ կանգնեցնել, չնայած նրան, որ կան բազմաթիվ շեշտադրումներ առ այն, որ հնարավոր էր պատերազմը կանգնեցնել, և Նիկոլ Փաշինյանը ուղղակի դա չարեց։ Բազմաթիվ են այդ հարցերը, բայց ես կարծում եմ՝ թիվ մեկ հարցն այն է՝ ինչո՞ւ չկարողացավ և ինչո՞ւ չարեց»,- ասել է Գրիգորյանը։
Նրա պնդմամբ՝ իշխանությունները, իր գնահատմամբ, գործողություններ են իրականացրել, որոնք ոչ թե կանխել են պատերազմը, այլ նպաստել են դրա սկսվելուն։
«Արել է գործողություններ, որոնք ավելի մոտեցրեցին պատերազմը և փաստացի ազատեցին Ալիևի ձեռքերը պատերազմական հանցագործություններ իրականացնելու համար։ Ես կարծում եմ՝ սա հարցերի հարցն է»,- նշել է պատգամավորը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին՝ Գրիգորյանը նշել է, որ դրա չհրապարակված հատվածներում կան դրվագներ, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ։
«Չնայած չի հրապարակվել 44-օրյա պատերազմի քննող հանձնաժողովի համապատասխան զեկույցը, էնտեղ առանձին դրվագներ կան, որոնք իրականում բացահայտում են, որ դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորման էջը Նիկոլ Փաշինյանն ինքն է փակել իր գործողություններով։ Դրա մասին փաստում է նաև Զոհրաբ Մնացականյանը՝ որպես արտաքին գործերի նախարար»,- ասել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ այդ դրվագների հրապարակումից հետո հանրությունը կարող է ստանալ պատերազմին վերաբերող որոշ հարցերի պատասխաններ։
Պատգամավորն անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների և անհայտ կորածների խնդրին՝ ընդգծելով, որ առանց նրանց վերադարձի հնարավոր չէ խոսել լիարժեք խաղաղության մասին։
«Եթե խոսքը գնում է խաղաղության մասին, անհնար է խաղաղություն հաստատել առանց ռազմագերիների վերադարձի, ինչպես նաև անհայտ կորած մեր հայրենակիցների ճակատագրի պարզման»,- նշել է Գրիգորյանը։
«Վերջերս Սիրանուշ Սահակյանը մի զեկույց է հրապարակել, որտեղ խոսում է, որ մեր հայրենակիցները, ովքեր խաչ ունեն իրենց մարմնին, դրանք կոպիտ ձևով մաքրվում են։ Այսինքն՝ այս խոշտանգումների գործընթացը շարունակական է լինում, ինչը ուղղակի սարսափելի է»,- ասել է նա։
«Մենք ծուռ հայելիների իրականության մեջ ենք ապրում, երբ պատերազմը փորձում են ներկայացնել որպես խաղաղություն, բազմաթիվ զիջումները՝ որպես ձեռքբերումներ»,- ասել է պատգամավորը։
Նա անդրադարձել է նաև Հայաստանում պատերազմի մասնակիցների և զոհված զինծառայողների հիշատակի հետ կապված փոփոխություններին։
«Հիմա մեր պատերից հանում են հերոսների, տղաների նկարները։ Կարծես դրանով փորձում են նաև ջնջել մեր հիշողությունը։ Այդ հիշողությունը հնարավոր չէ ջնջել»,- նշել է Աննա Գրիգորյանը։