315 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 10:38
Հայաստանով մեկ Օրենքի դաշտում

«Տաշիր Կապիտալ»-ը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացն անօրինական է համարում և փոխհատուցում պահանջում

«Տաշիր Կապիտալ»-ը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացն անօրինական է համարում և փոխհատուցում պահանջում

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.
 
«2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում։
 
ՀՀ կառավարության այս որոշումը 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշման հերթական խախտումն է։ Այդ որոշմամբ արտակարգ արբիտրը պարտավորեցրել է կառավարությանը ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն ուղղված ցանկացած քայլից։ ՀՀ կառավարության կողմից այդ որոշման պահպանման պարտավորությունը 2025 թվականի դեկտեմբերին ուղղակիորեն հաստատվել է նաև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմի կողմից։
 
Մենք ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը և պետական մարմինները բազմիցս խախտել են նշված որոշմամբ սահմանված ապահովման միջոցները, այդ թվում՝ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան չեղարկելու միջոցով։ Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացի շրջանակներում ընդունված ևս մեկ անօրինական ակտ է։ Այսպիսով, կառավարությունն անտեսում և ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են Հայաստանի կողմից ստանձնված` օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը ապահովող կարգավորումներից:
 
Նման անօրինական գործողությունները, անկասկած, համապատասխան միջազգային իրավական գնահատական կստանան, և ՀՀ կառավարությունը պարտավոր կլինի փոխհատուցել ներդրողներին պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված բոլոր վնասները»։