«Սուտ ցուցմունք եմ տվել, քանի որ ինձ վախեցրել և խոշտանգել են». Գևորգ Հարությունյանի հարցաքննությունը դատարանում
Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը դատական նիստի ընթացքում պնդել է, որ նախաքննական փուլում տված իր ցուցմունքները կեղծ են և սովորած տեքստեր։
Պատասխանելով դատավարության կողմերի հարցերին՝ նա հայտարարել է, որ ճշմարտացի են միայն դատարանում տված իր ցուցմունքները։
Հարցին, թե ինչու քննիչին չի հայտնել խոշտանգումների և սպառնալիքների մասին, Հարությունյանը պատասխանել է, որ այդ ժամանակ չի վստահել քննիչին։ Նրա խոսքով՝ դեպքերը թարմ էին, ինքը գտնվում էր ճնշման տակ և մտավախություն ուներ, որ իր խոսքերը կարող են փոխանցվել իրեն վախեցնողներին։
Անդրադառնալով նախաքննական այն ցուցմունքին, թե իբր Վալոդյա Գրիգորյանը նախկինում վիրավորել է իրեն, Հարությունյանը հերքել է այդ տեղեկությունը։ Նա պնդել է, որ դա հորինվածք է, և իրենք անգամ իրար չեն ճանաչել ու երբևէ չեն առնչվել։
Դատախազի այն դիտարկմանը, թե ինչպես է դեպքի վայրի ստուգման տեսագրության մեջ Հարությունյանը հստակ կողմնորոշվել և ցույց է տվել դեպքի վայրն ու անցած ճանապարհը, մեղադրյալը պատասխանել է, որ իրեն նախապես ցույց են տվել տարածքը, իսկ փողոցները լուսավորված են եղել գիշերային ժամին։
Անդրադառնալով հանցագործության գործիք հանդիսացող զենքին, հագուստին և դիմակին՝ Հարությունյանը հերքել է, որ դրանք իրեն են պատկանել։ Նա նաև նշել է, որ եթե իրականում ինքը կատարած լիներ սպանությունը, ապա հետագա օրերին՝ ազատության մեջ գտնվելով և ազատ տեղաշարժվելով, լիարժեք հնարավորություն կունենար ոչնչացնելու իր հագուստն ու իրերը, ինչը չի արել, քանի որ դեպքի հետ որևէ առնչություն չունի։