Լրագրող Քնար Մանուկյանը գրել է․
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել։
Մասնավորապես, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Շուրջ հինգ տարի առաջ Դավիթ Տոնոյանի դեմ ևս մեկ քրեական գործ էր հարուցվել, որը Հակակոռուպցիոն դատարանում մոտեցել է ավարտական փուլին։
Մասնավորապես, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին և ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։ Քրեական գործով բոլոր մեղադրյալները ներկայումս ազատության մեջ են։
Սակայն սա դեռ վերջը չէ։
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ մեղադրյալի աթոռին է նաև Նորայր Յոլչյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնը, օժանդակել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանին չարաշահելու պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Իսկ ո՞վ է Յոլչյանը:
Նկատենք, որ Նորայր Յոլչյանը «Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկն էր և 2020 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ր ստացել։
Նրա անունը շոշափվել էր ՀՀ պաշտպանության նախարարի՝ թիկունքի գծով տեղակալ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ «Մարտի 1»-ի գործով որպես վկա Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ։