1413 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-19 19:14
Քաղաքական խաղադաշտ

Մեր հաղթանակից հետո, Գյումրին ազատվելու է տնակներից, երկրորդ նախագահն իր սկսած գործն ավարտելու է. Կարեն

Մեր հաղթանակից հետո շատ կարճ ժամկետներում Գյումրին ազատվելու է տնակներից, և Ռոբերտ Քոչարյանն իր օրոք սկսած գործը ավարտին է հասցնելու։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանը։

«Ձեր համառությունը՝ սկսած երկրաշարժի աղետից մինչև մեր օրեր, եղել է միշտ։ Դուք ձեր համառությունն ապացուցել եք նաև վերջին ՏԻՄ ընտրություններում՝ ջախջախիչ պարտության մատնելով «Քաղաքացիական պայմանագրին»։ Ձեր համառությունն եք ցույց տալիս նաև հիմա, որպեսզի իշխող ուժը չփորձի որևիցե ոտընձգություն անել։ Մեզանից յուրաքանչյուրը դեմ է իր վարած քաղաքականությանը, քանի որ սերմանում են անհայրենիքություն, անթասիբություն, և իրենց յուրաքանչյուր խոսք ի վնաս Հայաստանի է և հայի տեսակի»,- ասաց նա։

Պատգամավորի թեկնածուն անդրադարձավ գործող ուժի առաջ քաշած «խաղաղության թեզին»՝ կոչ անելով տեր կանգնել իրական խաղաղությանը։

«Բոլորս լավ գիտենք, որ խաղաղությունը ձեռքբերովի է, ոչ թե ստորագրելով ինչ-որ փաստաթուղթ՝ առանց երաշխիքների։ Ձեռք են բերում համարձակությամբ, ուժեղությամբ, մարտունակ բանակով և վստահ քայլերով։ Ամեն քայլափոխին ականատես ենք լինում իշխող ուժի ղեկավարի հանդեպ ծաղրական խոսքերի. ադրբեջանցիներն իրենց ամեն երգի մեջ ծաղրում են, որը մեզ սազական չէ։ Մենք պետք է ունենանք ղեկավար, ում անունը լսելուց, ում հետ հանդիպելուց պետք է շատ զգաստ և սթափ լինեն»,- շեշտեց Կարեն Սիմոնյանը։

Խոսելով Գյումրու առաջնային խնդիրների մասին՝ Սիմոնյանը նշեց, որ դրանց վերաբերյալ խորհրդակցություն են ունեցել նախագահի հետ։

«Մեր հաղթանակից հետո շատ կարճ ժամկետներում Գյումրին ազատվելու է տնակներից։ Սկսած գործը նորից վերջացնելու է նախագահը։ Այս տոկունությամբ լցված՝ բոլորս միասին ամսի 7-ին, համար 17-ով, մերժում ենք անինքնասերների քարոզարշավը, մերժում ենք մեր նվաստացումը»,- եզրափակեց նա։