1215 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-19 13:21
Քաղաքական խաղադաշտ

Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռшզմավարական գործընկերներ են. Արարատ Միրզոյան

Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռшզմավարական գործընկերներ են. Արարատ Միրզոյան

Մենք հաճախ, տարբեր հարթակներում առիթներ ունենում ենք շփվելու, բայց, իհարկե, երկկողմ այցերը և միմյանց հանդիպելը, հանգամանալից քննարկումներ ունենալը մեր մայրաքաղաքներում առանձնահատուկ հնարավորություն է առաջ մղելու մեր քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը։ Այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզոյանը՝ Լիտվայի Արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսում:

«Պետք է ասել, որ այս առիթը բավականին սիմվոլիկ ժամկետում է տեղի ունենում, մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակին և հենց այս ժամկետում էլ, ունենալով բոլոր նախկին զարգացումները, համագործակցությունը, կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունների մակարդակը: 

Հայաստանը և Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են: Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը, բայց նաև ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը: Մենք այսօր հնարավորություն ունեցանք քննարկել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբերանվտանգության, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի, որտեղ մենք որոշակի փորձ և գիտելիքներ ունենք և կկարողանանք օգտակար լինել միմյանց։

Իհարկե, մեր բարեկամությունը, որը վերջին տարիներին ընդգծված կերպով դրսևորվել է երկկողմ հարթություններում, իր դրսևորումն է գտնվում նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում և նաև միջազգային հարթակներում: Մենք երախտապարտ ենք նաև մեր լիտվացի գործընկերներին՝ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների խորացման հարցում ստացած մեծ աջակցության համար»,-նշել է նա: 

Միրզոյանն ասել է, որ Լիտվայի հետ համագործակցության լավագույն և թարմ  դրսևորումներից մեկը Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովն էր Երևանում, որին զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն առաջին գագաթանաժողովը:

«Պետք է անպայման ընդգծենք, որ մեր հարաբերությունները հիմնված են նախ և առաջ ընդհանուր արժեքների վրա, ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, և սա, իհարկե, ուրախալի նորություն է, բայց կա զուգահեռ նորությունը, որ այս նույն արժեքները թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից մեր օրերում և հիբրիդային սպառնալիքների ներքո են գտնվում: Ուզում եմ ասել, որ սա ևս մի ոլորտ է, որտեղ մենք և Լիտվանք սերտորեն համագործակցում ենք՝ հասցեագրելու այս մարտահրավերները։

Հարգելի գործընկերներ, իհարկե մենք խոսել ենք նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ես գործընկերոջս ներկայացրել եմ մեր և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ներկայացրել եմ TRIPP նախագիծը, դրա շրջանակներում ձեռնարկվող քայլերը և այստեղ էլ մինչ այսօր և վստահ եմ՝ ապագայում ևս, հանդիպել ենք և կշարունակենք հանդիպել միայն Լիտվայի ողջունելը և աջակցության պատրաստակամությունը»,-նշել է նա: 

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում  է գտնվում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը։