360 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-26 13:53
Քաղաքական խաղադաշտ

Հայոց երկնակամարի նոր «փրկիչը»․ «Ֆենիքս» Թաթոյան

Հայոց երկնակամարի նոր «փրկիչը»․ «Ֆենիքս» Թաթոյան

Հայաստանյան քաղաքական բեմը միշտ էլ սիրել է նոր դերասաններ։ Բայց երբեմն հայտնվում են մարդիկ, որոնք անգամ բեմ բարձրանալ չգիտեն, սակայն «տառապում» են մեծամտությամբ եւ ավելորդ պոպուլիզմով։

Ահա այսպիսի «դերասան» է Արման Թաթոյանը։ Այսօր Հայաստանի գերթանկարժեք հյուրանոցներից մեկում կազմակերպված ասուլիսի ժամանակ նա ուշագրավ հայտարարություն է արել․ «Հայաստանի նախկին նախագահները սնուցում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը», «Եթե պաշտոնաթող նախագահներն ուզում են Փաշինյանը չհաղթի, պետք է դուրս գան 2026 թ. ընտրապայքարից»։

Քաղաքական այս բառամթերքով հանդես է գալիս մի մարդ, որը իշխանափոխության համար ամենակարևոր պահերին հետ կանգնեց ոչ թե նախկինների հետ չնույնացվելու պատճառով, այլ այն հաշվարկով, որ գործընթացի ավարտին իրեն ավելի մեծ դեր, ավելի շահավետ դիրք կառաջարկվի։

Եվ առավել հատկանշականն այն է, որ այդ «մեծ թիքայի» ակնկալիքն ուղեկցվում էր պայմանով՝ ինքը պայքարի «կեղտոտ», «ռիսկային», «փողոցային» փուլերին չի մասնակցում, միայն դուրս է գալիս բեմից խոսելու` չներգրավվելով այն աշխատանքին, որը ենթադրում է իրական բեռ և ռիսկ։

Ի դեպ, «Սրբազան պայքարի» ձախողման պատճառներից մեկն էլ, ասում են, այն էր, որ Թաթոյանը չափից դուրս հավակնոտ դիրքորոշում էր որդեգրել՝ պայմանով, որ չի մասնակցելու փողոցային պայքարին, բայց իշխանափոխությունից հետո «անցումային վարչապետի» պաշտոնը պետք է իրենը լինի։

Թաթոյանն այժմ փորձում է մոլորեցնել հանրությանը՝ ձևավորելով քաղաքական կարիերա եւ միևնույն ժամանակ թիրախավորելով նախկին նախագահներին։ Եվ սա այն դեպքում, երբ հենց Սերժ Սարգսյանի աջակցությամբ եւ նրա օրոք է ստացել պաշտոններ, կերտել մասնագիտական ուղի և արժանացել իրավաբանության ոլորտում ամենահեղինակավոր Մխիթար Գոշի մեդալին։

Հանրությանը պետք է հիշեցնել, որ նրա մասնագիտական վերելքը եղել է հենց այն դռների շնորհիվ, որոնցից հիմա փորձում է հեռու մնալ։

«Տարեք բոլոր հսկաներին դաշտից, որ տեսնեմ՝ ինչ տեսք ունեմ առանց նրանց ստվերի»։ Սա է Թաթոյանի հայտարարության ուղիղ իմաստը։ Սակայն քաղաքականությունն այն վայրն է, որտեղ անցյալից հեռանալու փորձերը չի ջնջում անցյալը, ընդհակառակը, անցյալի ստվերն ավելի է ընդգծվում։

Հանրությունը շատ լավ տեսնում է նրան, ով փորձում է «նախկիններից վերածնվել», և հենց դա է պատճառը, որ Թաթոյանի «անկախության դարաշրջանն» ավելի շատ հիշեցնում է ոչ թե ինքնուրույնություն, այլ պոպուլիզմ եւ դերասանություն։


Լիա Սարգսյան