Սիրելի՛ արցախցիներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությությամբ։ Այս մասին ասված է Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի ամանորյա ուղերձում։\n«Ցավոք, մեզ տրվել է անցնելու դժվար ճանապարհ։ Մեր յուրաքանչյուր օրն այսօր պայքար է՝ հանուն ինքնության, հողի և ապագայի։\nԹեկուզ մեզ բաժանել են մեր հողից, բայց ոչ ոք չի կարող բաժանել մեզ մեր իրավունքից, մեր պատմությունից և մեր հայրենիքից։\n
Արցախը մեր անունն է, մեր լեզուն է և մեր վերադարձի հավատը։\nՄենք իրավունք ունենք ապրելու մեր հողում՝ ազատ, անվտանգ ու արժանապատիվ։ Այդ իրավունքը չի կարող վերացվել ոչ մի բռնությամբ։\nՀավատացեք, որ այս փորձությունը անցողիկ է, իսկ Արցախը՝ հավերժական։\nԹող հավատն ու հույսը երբեք չլքեն մեզ, հատկապես Արցախ վերադարձի սպասման այս ճանապարհին։
Վստահ եղեք, որ համախմբվածությամբ, տոկունությամբ և հավատքով մենք կհասնենք մեր արդար նպատակին, և վերադարձը անպայման կդառնա իրականություն:\nԱյսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է միասնականություն։\nԹող գալիք տարին լինի համախմբվածության տարի՝ միավորելով մեզ մեր ուժի, հավատքի և ինքնության շուրջ:\nՄեր ուժը մեր համախմբվածության մեջ է՝ ընտանիքի, համայնքի և ազգի մակարդակներում։\n
Ուզում եմ, որ բոլորդ միշտ հավատքով լինեք, քանզի հավատքն է, որ մեզ թույլ է տալիս չկոտրվել նույնիսկ ամենածանր պահերին։\nԹող այս դժվար օրերը չթուլացնեն ձեզ, այլ դարձնեն ավելի ամուր, ավելի գիտակից և ավելի վճռական։\nՄենք միասին կհաղթահարենք այս փուլը։\nԹող Աստված պահապան լինի մեր ժողովրդին, մեր ընտանիքներին և մեր Արցախին»։