Մեր համար սրանք ուղղակի ընտրություններ չեն, ինչպես բոլոր տարիների ընթացքում, այնպես էլ հիմա՝ մենք ունենք մեկ նպատակ. այն է՝ Փաշինյանի հեռացում, որը հավասարազոր է և հոմանիշ է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և անվտանգության։ Հետևաբար, այդ պրոցեսի յուրաքանչյուր մասնակից պետք է հստակ պատասխան ունենա, թե իր այս կամ այն գործողությամբ ինչպես ու ինչքանով է նպաստում իշխանափոխության իրականացմանը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընտրություններին իրենց մասնակցության ֆորմատի մասին:
Խոսելով գալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումների մասին, Հայկ Մամիջանյանը նշեց, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել և հրապարակային հաղորդագրություն է տրվել։
«Դրանից բացի այլ տվյալ չեմ ներկայացնում, որովհետև դա աշխատանքային քննարկում էր: Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախորդ գործադիր նիստից հետո մենք հայտարարել ենք, որ սկսել ենք գործադիր մարմնում քննարկել մասնակցության հարցը, որևէ բան այս պահին ասել չեմ կարող, որովհետև քննարկումները դեռևս ընթանում են: Ուստի այս որոշումը շատ կշռադատված ու հանգամանալից պետք է կայացվի »: