Հայաստանը, չգիտեմ ինչու, ինչ նպատակներով, մտնում է այնտեղ, որտեղ անպայման պետք է լինի հակասություն, որտեղ անպայման մեկի հետ հարաբերությունները պետք է կառուցես մյուսի հետ հարաբերությունների փչացման արդյունքում։ Սա նորմալ չէ փոքր երկրի համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին։
«Հիշեցնեմ, որ 2018-20 թվականներին այնպիսի հակաթուրքական հայտարարություններ էր անում Նիկոլ Փաշինյանը, որ ոչ մի ղեկավար չի արել։ Այդ ժամանակ բավական սրվել էին Մակրոն-Էրդողան հարաբերությունները։ Մակրոնը փորձում էր հակաթուրքական ոչ ֆորմալ դաշինք ձևավորել։ Այն ժամանակ Հայաստանը միացել է այդ խոսույթին։ Ես 10 տարի նախագահ եղած ժամանակ երբեք հակաթուրքական հայտարարություն չեմ արել։ Ինքը մտավ էդ պատմության մեջ։ Երևի Մակրոնը խրախուսեց, Մակրոնն էլ շաբաթը երկու անգամ կարծիք է փոխում։ Էս մեկն էլ նրա խելքին ընկավ, մտավ այդ պատմության մեջ։ Եվ սա է նաև պատճառներից մեկը, որ Ադրբեջանը «բայրաքթարներ» ստացավ և 2020 թվականի պատերազմում Թուրքիան անթաքույց կանգնեց Ադրբեջանի կողքին։
Քորփա հալովդ ի՞նչ ես մտել այդ հարաբերությունների արանքը, ինչ է թե՝ Մակրոնին դուր գա, որ Մակրոնը համբուրի, ուսին խփի։ Չի կարելի։ Հետևանքը սա է։ Եթե դու «Եռաբլուր»-ը եռապատկել ես ու խելքի չես եկել, նույն բանն ես անում ուրիշ ուղղություններով, սա է ամենից անընդունելին»,-ասաց Քոչարյանը։