417 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-20 11:02
Քաղաքական խաղադաշտ

«Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է Նոյեմբերյանում ստեղծել ազատ տնտեսական գոտի՝ ջերմոցային տնտեսությունների զարգացման համար

«Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է Նոյեմբերյանում ստեղծել ազատ տնտեսական գոտի՝ ջերմոցային տնտեսությունների զարգացման համար

Ընդդիմադիր քաղաքական ուժը՝ Ուժեղ Հայաստան, գյուղատնտեսության ոլորտում ներկայացրել է նոր նախաձեռնություն՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանում ազատ տնտեսական գոտի ստեղծելու առաջարկով։ Նախաձեռնության մասին տեսաուղերձով հայտարարել է «Մերը ձևով» շարժման համակարգող, կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։

Առաջարկի համաձայն՝ ազատ տնտեսական գոտին նպատակ ունի խթանել ջերմոցային տնտեսությունների զարգացումը և ձևավորել մասնագիտացված արտադրական կենտրոն։ Կարապետյանի գնահատմամբ՝ ձմռան ամիսներին մրգերի և բանջարեղենի գների աճը պայմանավորված է բավարար ջերմոցային ենթակառուցվածքների բացակայությամբ, ինչի հետևանքով շուկան զգալիորեն կախված է ներմուծումից։ Նրա խոսքով՝ Նոյեմբերյանը կարող է դառնալ այն մշակաբույսերի արտադրության կենտրոն, որոնք ներկայումս հիմնականում ներկրվում են արտերկրից։

Նախաձեռնության առանցքային բաղադրիչներից մեկը ջերմոցային տնտեսություններին գազի մատակարարումն է սահմանամերձ սակագնով։ Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանը գազը ներմուծում է 165 դոլար գնով, սակայն ներքին տեղափոխման և բաշխման արդյունքում այն թանկանում է։ Առաջարկվում է ջերմոցային տնտեսությունների համար կիրառել ավելի ցածր սակագին, ինչը, ըստ նախաձեռնողների, կնվազեցնի արտադրության ինքնարժեքը և կբարձրացնի տեղական արտադրանքի մրցունակությունը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները համոզված են, որ ազատ տնտեսական գոտու ստեղծումը կարող է մեղմել սեզոնային գնաճը, խթանել մարզային տնտեսական ակտիվությունը և նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը սահմանամերձ համայնքներում։

Ներկայումս նախաձեռնությունը գտնվում է առաջարկի փուլում։ Պաշտոնական կառույցների արձագանքի և հնարավոր իրագործման մեխանիզմների վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։