363 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-06 17:45
Հայաստանով մեկ

«Ընդհանուր առմամբ, Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել». ԱԳՆ խոսնակ

«Ընդհանուր առմամբ, Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել». ԱԳՆ խոսնակ

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է.

«Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Իրանում ՀՀ դեսպանությանը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։ Երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է, և դեսպանությունը նրա հետ գտնվում է մշտական կապի մեջ։

Դեսպանությունն օրական ստանում է միջինում 15-20 հեռախոսազանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանի անցանելիությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով։

Ընդհանուր առմամբ, Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել:

Իրանում կապի սահմանափակումներով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունը նաև աջակցում է Իրանում գտնվող հայերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։

Բացի ՀՀ քաղաքացիներից, դեսպանությանն են դիմում նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Հայաստան մուտքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրանց տրամադրվում են համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ ուղղորդումներ։

Միաժամանակ, դեսպանությունն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին՝ ըստ անհրաժեշտության Հայաստանի տարածքով դեպի իրենց երկրներ վերադարձի կազմակերպման հարցում»։