459 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-09 17:01
Օրենքի դաշտում

Զինվորականներին դրդել է՝ հափշտակել պետական միջոցները․ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել

Զինվորականներին դրդել է՝ հափշտակել պետական միջոցները․ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի նկատմամբ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Ս․ Սարգսյանի կալանավորելու վերաբերյալ։


«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա, հանդիսանալով 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը, 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը և դրդել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին՝ իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելուն։


«Նախաքննական մարմինը 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա.Սարգսյանին հայտնաբերելու եւ ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից»,-«Իշխանությանը» հայտնեց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը։


«Իշխանության» տեղեկություններով՝ Սաշիկ Սարգսյանը Հայաստանում չէ։


Լիա Սարգսյան