291 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-02 15:20
Քաղաքական խաղադաշտ

Ինչ է հասկացրել Պուտինը Փաշինյանին

Ինչ է հասկացրել Պուտինը Փաշինյանին



Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում հնչած մի շարք հայտարարություններից ամենաէականը վերաբերում էր ոչ այնքան այսօրվա քաղաքականությանը, որքան հարաբերությունների իրական բնույթին։ Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ Ռուսաստանի համար կարևոր է այն, ինչը ծառայում է հայկական ժողովրդի շահերին։ Այս ձևակերպումը հնչեց ոչ թե որպես հերթական դիվանագիտական արտահայտություն, այլ որպես հստակ քաղաքական շեշտադրում։ Մոսկվան ցույց տվեց, որ իր համար Հայաստանը շատ ավելի լայն հասկացություն է, քան տվյալ պահին իշխանության գտնվող թիմը կամ կոնկրետ վարչապետը։

Այս ուղերձը հատկապես կարևոր է այն ֆոնին, երբ վերջին տարիներին Երևանը փորձել է արտաքին քաղաքական բազմակի ազդակներ ուղարկել տարբեր ուղղություններով՝ երբեմն փորձելով ցույց տալ, թե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ճակատագիրը կախված է բացառապես գործող իշխանության որոշումներից։ Սակայն Կրեմլում, ըստ էության, հակառակ բանաձևն է ներկայացվել։ Ռուսաստանը չի դիտարկում Հայաստանը մեկ քաղաքական փուլի սահմաններում։ Խոսքը մի երկրի մասին է, որի հետ Ռուսաստանը կապված է ոչ միայն պատմությամբ, այլ նաև տնտեսությամբ, էներգետիկ համակարգերով, առևտրով, աշխատուժի հոսքերով և բազմամիլիոնանոց հայկական համայնքով Ռուսաստանում։

Սա նշանակում է, որ նույնիսկ եթե Երևանի ներկայիս իշխանությունները շարունակեն փորձել վերաձևակերպել իրենց արտաքին քաղաքականությունը, Մոսկվայում դրանից չեն հետևեցնում, թե Հայաստանը որպես պետություն դուրս է մղվում հարաբերությունների ռազմավարական շրջանակից։ Ավելի ճիշտ հակառակը։ Պուտինի հրապարակային խոսքը ցույց տվեց, որ Ռուսաստանը Հայաստանը տեսնում է որպես երկարաժամկետ գործընկեր նույնիսկ այն դեպքում, եթե տվյալ պահին իշխանության վարքագիծը հակասական կամ անվստահություն հարուցող է։ Եվ հենց սա է այն ուղերձը, որը Փաշինյանը դժվար թե ցանկանար լսել բաց տեքստով։