747 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-05 13:39
Քաղաքական խաղադաշտ

Ինչ փաստաթղթեր էն ստորագրվել ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում

Ինչ փաստաթղթեր էն ստորագրվել ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքում ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր։

Մասնավորապես՝ ստորագրվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթուղթը։ Այն ստորագրել են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։ Կապակցվածության գործընկերության շրջանակում՝ Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրություն ցուցաբերելու նպատակով, ԵՄ-ն հայկական մի շարք առանցքային ընկերություններին և հիմնադրամներին փոխանցել է վեց մտադրության նամակ։

Հաջորդիվ ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային ու առափնյա պահպանության գործակալության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։

Բացի այդ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը։ Այն ներառում է նաև առաջարկություններ՝ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։