«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքում տեղի ունեցած քարոզարշավի շրջանակում, Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ երկրում առկա սոցիալ-տնտեսական և կրթական խնդիրներին՝ շեշտելով, որ պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին։ Նրա խոսքով՝ այսօր առաջնահերթ լուծում պահանջող հարցերից մեկը բնակչության վարկային բեռի թեթևացումն է։
«Այսօր մարդկանց վրա այնքան տուժ ու տուգանք է կուտակվել, որ պետությունը պետք է միանգամից ներում շնորհի քաղաքացիներին։ Տնտեսական ճգնաժամի, համաճարակի ու պատերազմի պատճառով ստեղծված իրավիճակում մինչև 3 միլիոն դրամի վարկերը պետք է ներվեն։ Եթե պետական պարտքը 15 միլիարդ է, թող լինի 16 միլիարդ 100 միլիոն, բայց փոխարենը 2 միլիոն 200 հազար մարդ կազատվի վարկային լծից և իր վաստակած գումարը կտանի տուն՝ երեխաներին կերակրելու։ Մեր ժողովուրդը ճահիճի մեջ է, խեղդվում է բանկի տոկոսների պատճառով»,- նշեց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը հավելեց, որ պետության կարևորագույն գործառույթներից պետք է լինեն նաև անվճար առողջապահությունն ու կրթությունը։ Նա քննադատեց գործող կրթական համակարգը և կոչ արեց վերանայել այն։
«Ուսումը պետք է լինի անվճար, որպեսզի ծնողը ստիպված չլինի իր կյանքի տարիների հաշվին գումար հայթայթել երեխայի ուսման վարձը վճարելու համար։ 10 տարվա ուսումը սարքել են 12 տարի, երեխան անտեղի ժամանակ է կորցնում, իսկ գիտելիքի որակը կամ դասագրքերը չեն լավացել։ Մենք պետք է վերադառնանք այնպիսի ուժեղ կրթական ծրագրերի, որոնք ժամանակին լավագույնն են եղել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։