«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Դիլիջանում հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ։
Հանդիպման սկզբում նախագահը հիշեց նախկինում իրականացված ենթակառուցվածքային նախագծերը՝ մասնավորապես Ծաղկաձորի և Ջերմուկի ճոպանուղիների կառուցումը, ընդգծելով, որ տեղական նախաձեռնողականությունը միշտ արժանացել է պետական աջակցության։
Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց պետության ամրության բանաձևը։
«Անվտանգության համակարգը հենվում է երեք սյուների վրա՝ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Մարդկությունը ուրիշ մոդել չունի»,- ասաց նա։
Երկրորդ նախագահը խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները հենց այդ երեք գործոնների խաթարման արդյունքն էին։ Նա շեշտեց սպառազինության սխալ գնումների մասին՝ օրինակ բերելով առանց հրթիռների գնված ՍՈՒ-30 կործանիչները, որոնք պատերազմի ժամանակ այդպես էլ չկիրառվեցին։
Նախագահն իր մտահոգությունը հայտնեց նաև Ֆրանսիայից զենքի գնման վերաբերյալ՝ մատնանշելով լոգիստիկ լուրջ խնդիրները։
«Հարց է առաջանում՝ քարտեզին նայե՞լ եք։ Ինչպե՞ս եք Ֆրանսիայից այդ արկերը հասցնելու Հայաստան, երբ օդային և ցամաքային ուղիները կարող են փակ լինել։ Սա ավելի շատ նման է ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրը ֆինանսավորելուն, քան իրական անվտանգության հարց լուծելուն»,- ասաց Քոչարյանը։
Ելույթի ավարտին Ռոբերտ Քոչարյանը պատկերավոր համեմատություն անցկացրեց՝ գործող վարչապետի գործողությունները նմանեցնելով էլեկտրական վարդակի մեջ մեխ մտցնող երեխայի, ում սխալների համար հոսանքահարվում և գին է վճարում ժողովուրդը։
Նախագահը կոչ արեց քաղաքացիներին տեր կանգնել սեփական ճակատագրին և հունիսի 7-ին կատարել գիտակցված ընտրություն՝ հանուն երկրի վերածննդի։ Հանդիպումն անցավ ակտիվ մթնոլորտում, որին հաջորդեց քաղաքացիների հետ ինտերակտիվ հարցուպատասխանը։