«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքի անդամներն այսօր քարոզարշավ իրականացրին Գեղարքունիքի մարզում։ Ճամբարակ խոշորացված համայնքում կատարած շրջայցի ժամանակ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը զրուցեց քաղաքացիների հետ, որոնք երկրորդ նախագահին ներկայացրին համայնքում առկա խնդիրները։
Բնակիչները մասնավորապես դժգոհեցին հողի կադաստրային արժեքների անտրամաբանական բարձրացումից և հարկային բեռից։
«Մեր հոր գինն են դրել այդ քարքարոտ հողերի վրա, մարդիկ չեն կարողանում հող առնել, որ մի բան սարքեն։ Հողի հարկերն էլ օր-օրի բարձրացնում են՝ չհասկանալով, որ գյուղացին այդքան եկամուտ չունի»,- նշեց բնակիչներից մեկը՝ հավելելով, որ սահմանամերձ Ճամբարակում չկան նաև կարևորագույն սպասարկման կետեր՝ անձնագրային բաժին և նույնիսկ դիահերձարան։
Ռոբերտ Քոչարյանն, արձագանքելով բարձրացված հարցերին, շեշտեց, որ գյուղերում պետք է կիրառվի խրախուսման քաղաքականություն։
«Եթե գյուղում մարդ ուզում է մի բան կառուցել, ոչ թե հողի գինը պիտի ավելացնես, հակառակը՝ պիտի օգնես, որ կառուցի ու մնա գյուղում։ Պետությունը պետք է մասնակցի այդ գործընթացին։ Մենք ժամանակին տալիս էինք թե՛ դիզվառելիք, թե՛ պարարտանյութ ու նյութաքիմիկատներ, ինչն այսօր վերացել է։ Այս ամենը պետք է վերանայվի, որպեսզի գյուղացին կարողանա շնչել»,- ասաց երկրորդ նախագահը։
Անդրադարձ կատարվեց Ձորավանք բնակավայրի դպրոցի և տրանսպորտի խնդրին։ Բնակիչները հայտնեցին, որ տարրական դասարանների երեխաները ստիպված են կիլոմետրերով ոտքով անցնել դպրոց հասնելու համար։ Երկրորդ նախագահն ընդգծեց, որ դպրոցաշինությունը չպետք է լինի դպրոցներ փակելու տրամաբանությամբ։
«Եթե մի դպրոց ես կառուցում՝ հինգը փակելու համար, դա անընդունելի է։ Երեխաների տեղափոխման հարցը պետք է լուծվի տրանսպորտային միջոցների տրամադրմամբ»,- ասաց Քոչարյանը։
Հանդիպման ավարտին իրենց մտահոգությունը հայտնեցին նաև սողանքից տուժած ընտանիքները, ովքեր արդեն 16 տարի բնակվում են վթարային պայմաններում։ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ նման խնդիրների լուծումը հնարավոր է շատ կարճ ժամկետում՝ պաշտոնյաների պարգևավճարների հաշվին։