486 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-27 15:47
Քաղաքական խաղադաշտ

Իշխանականներն ավելի շատ պարգևավճար կստանան

Իշխանականներն ավելի շատ պարգևավճար կստանան

2025 թվականի վերջին հանրային լայն արձագանք առաջացրեց բարձրաստիճան պաշտոնյաներին տրված խոշոր միանվագ պարգևավճարների մասին «Իշխանության» հրապարակումը:

Մենք գրել էինք, որ որոշ պաշտոնյաներ ստացել էին 3-ից 11 միլիոն դրամի չափով հավելավճարներ: Այդ արձագանքից հետո կառավարությունը որոշեց վերանայել մոտեցումը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ պետական ապարատում ներդրվում է պարգևավճարների նոր ձևաչափ: Խոշոր միանվագ վճարումներից անցում է կատարվում ամսական հավելավճարների: Ըստ էության, պաշտոնյաների եկամտի կառուցվածքում տեղի է ունենում լուրջ փոփոխություն. եթե նախկինում պարգևավճարներն ընկալվում էին որպես բացառիկ խրախուսանք, ապա այժմ դրանք դառնում են ամսական կանոնավոր վճարումներ՝ փաստացի ձևավորելով աշխատավարձի երկրորդ մասը:

Օրենսդիր մարմնում փոփոխությունն արդեն տեսանելի է: Ըստ թերթի աղբյուրների, Ազգային ժողովի պատգամավորները մարտ ամսվա համար ստացել են մոտ 670 հազար դրամի չափով պարգևավճար: Սակայն գործադիր իշխանությունում թվերն ավելի բարձր են. նոր կարգով նախարարները, նրանց տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները ստանում են ամսական առնվազն 3 միլիոն դրամի չափով պարգևավճար:

Ուշագրավ է, որ համակարգը ներդրվել է սահմանափակ ժամկետով՝ մինչև հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները: Այսինքն՝ նոր կարգը գործելու է ընտրական շրջանում, ինչը վերլուծաբանների շրջանում հարցեր է առաջացնում կանոնակարգման ժամանակավոր բնույթի վերաբերյալ: