Սպիտակում այնքան շատ ընկերներ ու հարազատ ընտանիքներ ունեմ, որ ինձ համարում եմ ձեր բարեկամը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Սպիտակում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սևակ Խաչատրյանը։
Անդրադառնալով նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին աղետի գոտու վերականգնմանը՝ Խաչատրյանը նշեց, որ դրա արդյունքներն իր կաշվի վրա զգացել է հենց սպիտակցին, իսկ դրա վառ ապացույցն այն դահլիճն է, որտեղ ընթանում է հանդիպումը։ Նա շեշտեց, որ իրենց առաջնորդն իր խոսքի մարդն է՝ կա՛մ խոստում չի տալիս, կա՛մ տալուց հետո այն իրականանում է կրկնակի ու եռակի անգամ ավելի շատ։
«2018 թվականին խաբելով, սուտ խոսելով՝ այսօրվա իշխանությունները եկան, դարձան ղեկավար։ Հիշո՞ւմ եք 18 թվի խոստումները. կամերաները փակելով գալիս էին, թե արագաչափեր չեն լինելու։ Հենց դարձան իշխանություն՝ արագաչափերը կրկնապատկվեցին։ Հասան Երևան, սկսեցին կարմիր գծերը ներկերով փակել, թե կարմիր գծեր չեն լինելու, բայց 8000 դրամից դարձրին 160 000 դրամ, ավելացավ նաև կապույտ գծերը։ Այսինքն՝ այս մարդիկ ինչ ասել են այս ընթացքում, արել են ճիշտ հակառակը»,- ասաց Խաչատրյանը։
Նա հիշեցրեց նաև 2021 թվականի նախընտրական խոստումները՝ Շուշին ու Հադրութը հետ բերելու թեզի մասին, որից հետո երկրում եղան նոր պատերազմներ, և ամբողջությամբ կորսվեց Արցախը։ Նա քննադատեց նաև եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքները։
«Այսօրվա իշխանությունները պրոբլեմ ունեն մեր ինքնության ու քրիստոնեության հետ։ Վերջերս եվրոպական երկրների ղեկավարները եղան Երևանում, ինչ-որ գագաթնաժողով էին իրականացնում։ Դուք տեսա՞ք որևէ պատվիրակություն այցելի Մայր Աթոռ, հանդիպում ունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Նրանք այս կերպ փորձում են նսեմացնել հայ առաքելական եկեղեցու դերը»,- նշեց նա։
Ելույթի վերջում Սևակ Խաչատրյանը հայտարարեց, որ գործող իշխանությունը սեփական ժողովրդին վախեցնում է պատերազմով, իսկ բանակի հաշվին ընդամենը նախընտրական շոուներ է կազմակերպում։
«Ասում է՝ եթե ես չընտրվեմ, սեպտեմբեր ամսին պատերազմ է լինելու։ Ինձ թվում է՝ միգուցե պայմանավորվել է, ինքը դրա օրն էլ գիտի, ժամն էլ։ Բա այդպես լավ գիտեիք, հայ ժողովրդին ու բանակին ինչո՞ւ չէիք զգուշացնում, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմ է լինելու։ Երեկ նախընտրական սրտիկներով պարադ էր անում, տարբեր երկրներից զինատեսակներ էր բերել, անուններն էլ փոխել՝ հայկական դրել, թե իբր մեր արտադրանքն է։ Հունիսի 7-ին մենք մեծ հնարավորություն ունենք այս ստի ու կեղծիքի շղթան կտրելու, որպեսզի մնանք հայ և տեր լինենք մեր ինքնությանը»,- եզրափակեց Խաչատրյանը։