Այս մարդիկ ութ տարի իշխանության են։ Ութ տարի առաջ ժողովուրդն ավելի լավ կյանք գտնելու ակնկալիքով դուրս եկավ փողոց, բայց դրա փոխարեն գտավ մահ, կսկիծ, արցունք ու հայրենազրկում։ Ուստի հունիսի 7-ին պետք է ակտիվ մասնակցել ընտրություններին և համար 17 քվեաթերթիկով ազատվել այս չարիքի իշխանությունից։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սևակ Խաչատրյանը։
Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում շրջել են Երևանում ու Հայաստանի բոլոր մարզերում, իսկ քաղաքացիների հիմնական խնդրանքն ու պահանջը եղել է մեկը՝ երկիրն ազատել գործող վարչախմբից։
«2021 թվականի ընտրությունների ժամանակ մեր քաղաքական թիմը զգուշացնում էր հայ ժողովրդին, որ սրանց վերընտրվելու դեպքում շատ ավելի մեծ աղետներ են գալու Հայաստանի ու Արցախի գլխին։ Ցավոք, մենք չսխալվեցինք, և ամեն ինչ հենց այդպես էլ եղավ։ Հիմա անցել է ևս հինգ տարի, ու մենք նորից խնդրում ենք բոլորիդ՝ զրուցեք ձեր հարազատների ու ընկերների հետ, բացատրեք իրավիճակը, որովհետև շատերը դեռևս տրվում են սրանց ստին ու կեղծիքին։ Այս մարդիկ ստով եկել են ու ստով կառավարում են»,- ասաց նա։
Սևակ Խաչատրյանը հերքեց իշխանական քարոզչամեքենայի տարածած լուրերը, թե ընդդիմության հաղթանակի դեպքում կրճատումներ են լինելու։
«Ամեն օր շարունակում են ստի քարոզարշավը։ Ասում են, թե իշխանափոխությունից հետո պետական աշխատողներին հեռացնելու են, կամ զինվորականների աշխատավարձերն են կրճատելու։ Ճիշտ հակառակն է՝ զինվորականների աշխատավարձերն էակապես բարձրանալու են։ Սահմանամերձ գյուղերում վախեցնում են, թե տուն կառուցելու պետական աջակցության ծրագրերը չեն լինելու, և գումարները տոկոսով հետ են վերցնելու։ Իրականում սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության պետական աջակցության թե՛ ծավալները և թե՛ ֆինանսական չափերն էլ ավելի են մեծանալու։ Այս քարոզարշավում, բացի մյուս թիմերին սևացնելուց, պատին տալուց կամ սրա-նրա տունն ու մեքենան խլելու սպառնալիքներից, իշխանությունը հայկականության հետ կապված ոչ մի ծրագիր չի ներկայացրել»,- ասաց նա։
Խաչատրյանն ընդգծեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կառավարման փորձն ու խոսքի արժեքը՝ նշելով, որ նրա խոստումները միշտ իրականություն են դարձել։
«Նույնիսկ նիկոլականներն են ընդունում, որ մեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքի տեր մարդ է։ Նրա կառավարման տարիներին չի եղել որևէ նախընտրական խոստում, որը չիրականանար։ Եթե գեթ մեկ նման դեպք լիներ, ապա իշխանական լրատվամիջոցները վաղուց դա պեղել ու որպես հակաքարոզչություն տարածել էին։ Ուստի պետք է մասնակցել ընտրություններին, որպեսզի հունիսի 7-ից հետո ինչ-որ մի մոլագար փողոցում քաղաքացուն չհարցնի, թե ինչու չես զոհվել»,- ասաց Խաչատրյանը։