1389 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-30 17:32
Քաղաքական խաղադաշտ

Բացառվում է, մենք փող բաժանենք, ձայն ուզենք. Գագիկ Ծառուկյանը՝ Ալավերդիում

Բացառվում է, մենք փող բաժանենք, ձայն ուզենք. Գագիկ Ծառուկյանը՝ Ալավերդիում

Եթե ճիշտ բանակցություն լինի, ճիշտ շրջապատով ու ընկերությամբ, ապա չլուծվող խնդիր չկա։ Մենք պատերազմի դռները կփակենք ընդմիշտ, որ երաշխավորված խաղաղություն լինի։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ալավերդիում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա քննադատեց երկրի անվտանգային ներկայիս վիճակն ու Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը։

«Այսօր Ադրբեջանը նստած է մեր բարձունքների վրա, հետ չի գնացել, գրաված հողերի վրա է ու դեռ պահանջներ է ներկայացնում։ Մեր գերիներն այնտեղ են։ Եթե այսօր խաղաղություն է, բա ինչո՞ւ չեն գալիս մեր գերիները։ Ադրբեջանը մեզնից վառված է, ուզում է վրեժ լուծել, իսկ մենք պետք է խելացի գտնվենք, որ կարողանանք լիարժեք, միասնական, առանց արյան, բարձր մակարդակով բանակցել՝ հանուն ժողովրդի ու պետության։ Ես այսքան ժամանակ չի եղել բան ասեմ ու չանեմ»,- ասաց նա։

ԲՀԿ առաջնորդը բացեց փակագծերը նաև այն մասին, թե ինչպիսի սկզբունքով է ձևավորվելու ապագա կառավարությունը։

«Ունենք լավ թիմ, բայց պաշտոնները միայն «Բարգավաճ»-ին չեն հասնելու։ Ով տվյալ ոլորտում արդյունք է ցույց տվել ու բոլորը ճանաչում են, նա էլ աշխատելու է. կապ չունի՝ անկուսակցական է, թե ուրիշ կուսակցությունից։ Այսօր 80 կուսակցություն կա, սաղի ցավն էլ տանեմ, ես ոչ մեկի վրա ցեխ չեմ շպրտում։ Բայց բոլորը պետք է համախմբվեն նրա շուրջ, ով կարող է այս վիճակից հանել ժողովրդին, ապահովել անվտանգությունն ու տնտեսությունը, որ ժողովրդի դեմքին ժպիտ գա»,- ասաց նա։

Ելույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կոշտ արձագանքեց իշխանական քարոզչությանը, ընտրակաշառքի մասին լուրերին և նախընտրական ճնշումներին։

«Գիտեմ՝ այսօր վախեցած են, շարժն են նայում, քվեարկություններն են նայում։ Եթե իրենց վիճակը լավ լիներ ու իրոք 90% ձայն ունենային, այսքան խառնված չէին լինի։ Ասում են՝ գումար են բաժանում, բայց չկա՛ նման բան, դուք էլ չեք լսել, որ մենք գումար բաժանենք ու ձայն ուզենք։ Դրանով ընդամենը վախի մթնոլորտ են ուզում ստեղծել, բայց դա իրենց չի փրկելու։ Ես մինչև վերջ իմ թիմի կողքին կանգնած եմ, ով կփորձի մեր դեմ գնալ՝ պատասխանը կստանա։ Այսօր մարդկանց անօրինական գործից են հանում, ակտեր են գրում, առանց դիմումի ազատում են»,- ասաց Ծառուկյանը։