«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց խաղային գործունեության, շահումով ու ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտը կարգավորող օրենսդրական նախագծերի փաթեթը:
Զեկուցող, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց այն արմատական սահմանափակումները, որոնք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բերվել են վերջնական կոնսենսուսի կառավարության և ոլորտի ներկայացուցիչների հետ:
Նախագծով զգալիորեն ընդլայնվում է այն անձանց շրջանակը, ում օրենքով կարգելվի մասնակցել բարձր ռիսկայնության խաղերին: Եթե նախկինում տարիքային սահմանափակումը գործում էր միայն մինչև 21 տարեկանների համար, ապա այժմ վերին շեմ է սահմանվել։
«Արգելք ենք սահմանել նաև 70 տարին լրացած քաղաքացիների համար շահումով խաղերին մասնակցելու, որպեսզի նրանք չկարողանան բարձր ռիսկային խաղերին մասնակցել», — հայտարարեց Հայկ Սարգսյանը:
Բացի այդ, խաղատներից և օնլայն հարթակներից «կվտարվեն» պետական ու համայնքային միջոցներից ֆինանսավորվող անձինք:
Ըստ Հայկ Սարգսյանի՝ խաղալը պետք է արգելել․
• Պետական, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնողներին,
• Հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարողներին,
• ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին,
• Պետության հիմնադրած հիմնարկների և 50% ու ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակիցներին,
• Կենտրոնական բանկի աշխատակիցներին: