1473 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-14 18:22
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը շատ մոտ ապագայում կակա է ասելու ազատությանը․ Սուրեն Սուրենյանց

Այս իշխանությունն իր իրականացրած հանցագործությունների պատճառով շատ մոտ ապագայում կակա է ասելու ազատությանը, թող ինքն իր դարդը լացի։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ընթացող ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վերջին տեսաուղերձին, որտեղ նա մեղադրում էր ընդդիմությանը կաշառք տալու մեջ և հայտարարում թավիշին վերջ տալու մասին։

Պատգամավորի թեկնածուի պնդմամբ՝ Փաշինյանի այս վարքագիծը խոսում է նրա ներքին վախերի և ռեպրեսիվ մտածողության մասին։

Հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը պատրաստվում է վերցնել մանդատները, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ այդ հարցն այս պահին երկրորդական է։

Նրա ձևակերպմամբ՝ այսօր ԿԸՀ նիստում վտանգված է ընտրությունների պատկերի վերականգնումը, և Հայաստանում հաստատվում է ավազակապետություն, որտեղ իշխանությունները թքած ունեն ցանկացած օրենքի ու արդարադատության վրա։

«Այն ճանապարհն է արդյունավետ, որը շուտ է մոտեցնելու Նիկոլ Փաշինյանի արագ իշխանազրկմանը։ Ունիվերսալ ճանապարհ չկա, յուրաքանչյուրն ունի իր պլյուսներն ու մինուսները, բայց առաջին հերթին ամեն ինչ պիտի արվի փողոց գեներացնելու համար։
Փաշինյանին իշխանազրկելը մեկ քայլ չէ, երկնքից կայծակ չի ընկնելու իր գլխին, դա կարող է պահանջել բազմաթիվ գործողություններ»,- ասաց նա։

Սուրենյանցը նաև հավելեց, որ համաշխարհային պատմության մեջ երևի առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը վերընտրվելուց հետո խոսում է ոչ թե հանրային համերաշխության, այլ մարդկանց բանտ գցելու մասին։ Ըստ նրա՝ Փաշինյանի իշխանության ամեն օրն ուղեկցվելու է ռեպրեսիաներով և անկայունությամբ։

Հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ընդդիմությունը ԿԸՀ-ի այս կամ այն որոշման դեպքում, Սուրենյանցը նշեց, որ մշակված տարբեր սցենարներ կան։ Նա շեշտեց, որ քաղաքական տարբեր ուժեր տարբեր պահանջներով են դիմել ԿԸՀ, սակայն դրանք իրար չեն հակասում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմել է ամբողջ ընտրություններն անվավեր ճանաչելու հայցով, ես դրան սկզբունքորեն դեմ չեմ։ Իսկ մեր պահանջը բխում է նախորդ օրվա դատական նիստից. պիտի քննարկվի առնվազն երեք տեղամասերում ընտրողների իրավունքների վերականգնման հարցը»,- ասաց նա։