Եղանակի տեսությունն իր մեջ ավելի շատ բովանդակություն է պարունակում, քան Նիկոլ Փաշինյանի հրահանգով կարված այս գործը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
Մանուկյանն անդրադարձավ իր տանը տեղի ունեցած խուզարկությանը և «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված քրեական գործին, որը նա որակեց որպես փուչ գործընթաց։
Հարցին, թե խուզարկությունից հետո ի՞նչ զարգացումներ կան իրավական տիրույթում և արդյո՞ք փոխվել է իր կարգավիճակը, Արեգնազ Մանուկյանը պատասխանեց, որ այս պահին նորություն չկա։
«Իմ կարգավիճակի փոփոխության առումով այլ զարգացումներ դեռևս չկան։ Չեմ էլ կարծում, որ որևէ բան կարող է տեղի ունենալ։ Եթե մինչ այդ փաստաբաններն էին ներկայացնում, որ ձեզ հայտնի քրեական գործով ընդհանրապես որևէ լուրջ նյութ կամ առարկա գոյություն չունի, ապա այժմ ես ինքս եմ ծանոթացել գործի նյութերին։ Թեև նախաքննության գաղտնիքը չհրապարակելու ստորագրություն եմ տվել, բայց կարող եմ ասել՝ եղանակի տեսությունն իր մեջ ավելի շատ բովանդակություն ունի, քան Նիկոլ Փաշինյանի հրահանգով կարված այդ գործը»,- ասաց նա։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ թեև գործն ամբողջությամբ հորինված է, սակայն իշխանությունները փորձում են օդից վերցված մեղադրանքով կալանավորել Անդրանիկ Թևանյանին։
Անդրադառնալով հետընտրական զարգացումներին և ԿԸՀ-ից ունեցած ակնկալիքներին՝ Արեգնազ Մանուկյանը շեշտեց, որ հանձնաժողովից ընդամենը մեկ պահանջ ունեն՝ զերծ մնալ ձայնագողությունից։
«ԿԸՀ-ից ընդամենը մեկ ակնկալիք կա. ակնկալում եմ, որ հանձնաժողովը ձայնագողությամբ չի զբաղվի, և մեզանից հայրենիք գողացածները չեն գողանա նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն։ Որովհետև հայրենիքի գողը կարող է նաև դառնալ ձայնագող։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի կանխենք նրանց այդ հանցագործ նպատակը»,- ասաց նա։
Մանուկյանի պնդմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած թեզերը, թե հունիսի 7-ի ընտրություններում իրենք ստացել են իրենց ցանկալի արդյունքները, իրականությանը չեն համապատասխանում։
«Ամենևին այդպես չէ։ Համենայն դեպս, իրենց բաղձալի երեք հինգերորդը (3/5) իրենք չեն կարողացել ապահովել և, օրինակ, Ալիևի թելադրանքով չեն կարող Սահմանադրություն փոխել։ Հետևաբար, հիմա ամեն ինչ անում են, որպեսզի զրկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը իր ստացած ձայներից և Ազգային ժողովում լինելու իրավունքից»,- նշեց նա։
Նա հավելեց, որ ընդդիմության հստակ պահանջն է՝ թույլ չտալ քաղաքացու քվեի կորուստ, չխախտել օրենքը և ամբողջությամբ իրացնել ժողովրդի տված քվեի ուժը։