Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետ Խաչիկ Վարդանյանի և նրա աշխատակցի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Այս մասին «Իշխանություն» լրատվականին հայտնում են Քննչական կոմիտեից։
Օրեր առաջ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել համայնքի բնակիչ Կարենին, կոտրվել է վերջինիս քիթը: Իրադարձությունները տեղի են ունեցել համայնքապետարանի տարածքում, ինչին մասնակից է եղել նաև Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը և նրա աշխատակիցը:
Ականատեսների փոխանցմամբ՝ Կարենի քիթը կոտրել են՝ ասելով. «ՔՊ չես ընտրել, դրա համար քեզ պատիժ է հասնում»։
Գյուլագարակում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով կոտրվել է նաև համայնքապետարանի դռան ապակիները:
Մեր հրապարակումից հետո ոստիկանության աշխատակիցներ են ժամանել դեպքի վայր, արձանագրել կատարվածը:
Նկատենք, որ Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական էջում մեր հրապարակումը հերքող տեղեկություն է տարածվել, ինչը զավեշտալի է, քանի որ անգամ փաստը արձանագրող տեսանյութ կա:
Հիշեցնենք, որ վերջին համապետական ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրել Գյուլագարակ համայնքում և Ստեփանավան քաղաքում։