2721 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-20 14:06
Օրենքի դաշտում

Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին

Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին

«Իշխանություն» լրատվականը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դատարանը վարույթ է ընդունել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Քննչական կոմիտեի։

Դատական գործընթացի հիմքում ընկած է մայիսի 20-ին քննչական կոմիտեի տարածած այն հրապարակումը, ըստ որի՝ դաշինքի պատգամավորի թեկնածուն իբր թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու փաստը, ինչը խոչընդոտում է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն։

Նարեկ Կարապետյանը պնդում է, որ այդ տեղեկատվությունը բացարձակ սուտ է, անհիմն, և կապ չունի իրականության հետ։

Վերջինս դատարանից պահանջում է պարտավորեցնել Քննչական կոմիտեին՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զրպարտությունը տարածած նույն եղանակով հրապարակայնորեն հերքել այն։

Ըստ հայցապահանջի՝ հերքումը պետք է տեղադրվի Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում (www.investigative.am), ֆեյսբուքյան և տելեգրամյան պաշտոնական էջերում՝ «Հերքում՝ Նարեկ Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով և պահպանվի առնվազն 1 ամիս։

Կարապետյանը պահանջում է հերքման տեքստը հրապարակել հետևյալ բովանդակությամբ․ 

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 20.05.2026 թվականին հրապարակում է կատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի վերաբերյալ, որով ներկայացվել է սուտ տեղեկություն, որի միջոցով վերջինիս է վերագրվել այնպիսի փաստ, որը չի համապատասխանել իրականությանը և կապ չի ունեցել վերջինիս հետ։ Հրապարակային տեղեկացնում ենք, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ եղել է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներողություն է խնդրում»:

Բացի հերքումից և ներողությունից, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարը դատարանից պահանջում է նաև Քննչական կոմիտեից հօգուտ իրեն 1 դրամ՝ որպես զրպարտության համար սիմվոլիկ բարոյական փոխհատուցում և Քննչական կոմիտեից ամբողջությամբ բռնագանձել դատական ծախսերը։