2757 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-16 16:03
Օրենքի դաշտում

«Գելլափը» դատի է տվել Սամվել Կարապետյանին

«Գելլափը» դատի է տվել Սամվել Կարապետյանին

«Իշխանություն» լրատվականը Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ն (Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչը) դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ։

Հայցի հիմքում ընկած է մայիսի 14-ին Նազենի Հովհաննիսյանի հեղինակային «Կամուրջներ» հաղորդաշարի յութուբյան ալիքում հրապարակված «Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ» վերնագրով թողարկումը, որտեղ Սամվել Կարապետյանն անդրադառնալով Հայաստանում իրականացվող քաղաքական սոցհարցումներին ու դրանց արդյունքներին, կասկածի տակ էր դրել «Գելլափի» հրապարակած տվյալների օբյեկտիվությունը՝ ակնարկելով, որ դրանք արվում են կոնկրետ քաղաքական պատվերների շրջանակներում։

Ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել Սամվել Կարապետյանին հրապարակայնորեն հերքել վերջինիս արած հայտարարությունը՝ հետևյալ ձևակերպմամբ.

«Հերքում եմ, որ «Գելլափ»-ի կողմից թվերը հայտարարվում են պատվերով, հերքում եմ, որ կարող եմ գումարի դիմաց պատվիրել սոցիալական հարցումների նախընտրելի թվերով արդյունքների հրապարակում»։

Ընկերությունը պահանջում է նաև Սամվել Կարապետյանից հօգուտ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի բռնագանձել 3,000,000 դրամ՝ որպես զրպարտության միջոցով ընկերությանը պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: