1710 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-27 16:11
Քաղաքական խաղադաշտ

Թերություններ եղել են, բայց ու՞ր են էդ խայտառակ ընտրությունների տեսագրությունները․ ԿԸՀ նախագահ

Թերություններ եղել են, բայց ու՞ր են էդ խայտառակ ընտրությունների տեսագրությունները․ ԿԸՀ նախագահ

2005 ընտրական տեղամասերից 637-ում կամ 32%-ում իրականացվել է վերահաշվարկ։ Մեծ մասն իրականացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն հանձնարարականով, որ ցանկացած շահագրգիռ կողմի մոտ թեկուզ մազաչափ կասկածի դեպքում, եթե նույնիսկ չեն հասցրել իրավաչափ դիմում ներկայացնել, բոլոր կասկածները պիտի փարատվեն։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման նիստի ժամանակ այսպիսի թվային տվյալներ ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի դիմումներին և վերահաշվարկի գործընթացին։

Վահագն Հովակիմյանը շեշտեց, որ միայն Երևանի 478 տեղամասերից 319-ում վերահաշվարկ է իրականացվել, և դա արվել է ոչ թե խախտումների պատճառով, այլ գիտակցելով, որ ամեն քվեի հետ կապված կա շահարկում։ 

«Մեզ համար շատ կարևոր է եղել, որ որտեղից էլ հնչի այդ կասկածը, այն պիտի փարատվի, չպիտի որևէ կասկած մնա չփարատված»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը։

Անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների պնդումներին, թե ընտրություններում խայտառակ վիճակ է եղել՝ Վահագն Հովակիմյանը փորձեց վստահեցնել, որ գործընթացը եղել է թափանցիկ։

«1757 տեղամասից ուղիղ եթերով ապահովվել է քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման հեռարձակումը։ Եթե քաղաքացիները հետևել են, կուսակցություններն այսօր էլ հնարավորություն ունեն այդ տեսագրությունները ներբեռնելու։ Ո՞ւր են այդ խայտառակ ընտրությունների տեսագրությունները։ Թերություններ, այո, եղել են, և մեր խնդիրն է բոլոր ընտրություններից հետո դրանք վեր հանել ու շտկել, բայց ուղղակի հայտարարել, որ եղել են ու վերջ՝ սխալ է։ Եթե քվեախուծ երկրորդ մարդ մտած լիներ, միանգամից ամբողջ համացանցում կտեսնեիք այդ կադրը։ Այսինքն՝ այն մազաչափ թերությունն էլ, որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, ու մենք բոլոր նման դեպքերի հետևից գնացել ենք»,- ասաց նա։

Որպես օրինակ՝ ԿԸՀ նախագահը նշեց, որ «Միասնության թևեր» կուսակցության դիմումի համաձայն՝ 3463 ընտրատեղամասում նախնական հրապարակված 23 ձայնը վերահաշվարկից հետո դարձել է 24, իսկ մեկ այլ՝ 2210 տեղամասում ամեն ինչ ճշգրիտ է արձանագրված եղել։

ԿԸՀ նախագահը կոչ արեց հաշվի առնել նաև ընտրական հանձնաժողովների հսկայական ծանրաբեռնվածությունն ու մարդկային գործոնը, ինչի համար էլ ներդրված է վերահաշվարկի ինստիտուտը։

«2005 տեղամասային ընտրական հանձնաժողովները մոտավորապես 3-4 ժամվա ընթացքում 1 միլիոն քվեաթերթիկ են սպասարկել։ Մարդիկ են, աշխատել են ըստ էության 30-ժամյա ռեժիմով, և հնարավոր է նաև, որ այդ աշխատանքի ընթացքում առանձին մարդիկ կարող են թերանալ քվեաթերթիկների գնահատման հարցում»,- նշեց նա։

Հովակիմյանը հավելեց, որ մեր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նախնական արդյունքների ամփոփման գիշերը հանրագումարային մոտ 70,000 տվյալ են մուտքագրել, ինչը նշանակում է, որ այդ գիշերվա ընթացքում ամեն աշխատող միջինում մուտքագրել է 2000-ից մի փոքր պակաս տվյալ։