2358 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-27 16:38
Քաղաքական խաղադաշտ

Անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ. թվերը ցույց են տալիս ժողովրդի կամքը․ Վահագն Հովակիմյան

Անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ. թվերը ցույց են տալիս ժողովրդի կամքը․ Վահագն Հովակիմյան

Անցողիկ շեմը հաղթահարել են երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Հաջորդ ամենաշատ քվե ստացած ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պարագայում ձայները եղել են 58,287։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանում ընթացող քննության ժամանակ այսպիսի հաշվարկներ ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ընտրությունների վերջնական թվային արդյունքին և անճշտություններին։

«Ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածով պայմանավորված անճշտությունների թիվը, որպես խախտումների ազդեցություն, ավելացել է 3,390-ով։ Եթե ընդհանուր անճշտությունների թվից, այսինքն՝ 4,331-ից, հանենք այդ 3,395 խախտումների ազդեցությունը, մեզ մոտ անճշտությունների թիվը ստացվում է 936։ Ունենալով 1,456,740 կողմ ձայներ և 936 անճշտություն՝ հանրագումարը կազմում է 1,457,676։ Այս դեպքում, որպեսզի կուսակցությունը 4%-ի շեմը հաղթահարի, անհրաժեշտ է 58,308 ձայն։ Սա այն իրողությունն է, որն ունենք։ Ես ընկալում եմ հույզերը, բայց ՀՀ քաղաքացիների կամքը և թվային արտահայտությունը այսպիսին է»,- ասաց նա։

Վահագն Հովակիմյանը ՍԴ դատավորների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ որևէ տեղամասում արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո պետք է հստակ գնահատվեն իրավական հետևանքները։

«Անհրաժեշտ է գնահատել, թե տվյալ խախտման իրավական հետևանքներից որն է իրականում ունակ վերականգնելու ընտրողի ազատ, հավասար և իրական կամքի արտահայտությունը։ Ընտրական վեճի նպատակը չի կարող լինել միայն խախտմանը արձագանքելը՝ անկախ այդ արձագանքի հետևանքներից։ Լուծման նպատակը պետք է լինի ընտրողների իրական կամքի և ընտրությունների արդյունքների լեգիտիմության պաշտպանությունը»,- ասաց նա։

ԿԸՀ նախագահի պնդմամբ՝ պետք է ընտրվի այնպիսի միջոց, որը չի ստեղծում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքն անհրաժեշտ է վերացնել։

«Այս համատեքստում վերաքվեարկություն նշանակելը չի կարող դիտվել որպես քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու մեխանիկական հետևանք»,- եզրափակեց Վահագն Հովակիմյանը։