Այն, ինչ տեղի է ունեցել պատշաճ վերահսկողություն չիրականացնելու և Վարչական դատարանի վճիռը չկատարելու հետևանքով, ուղղակիորեն կապված է ընտրակեղծարարության հետ։ Դատարանի վճռում բառացիորեն նշված է եղել, որ ԿԸՀ-ն ստիպված է լինելու իրականացնել վերաքվեարկություն։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Եկեք նայենք իրավական կոնկրետ փաստերով։ Ո՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար՝ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները։ Ո՞վ է պատասխանատու եղել, որ ժամը 20:00-ից հետո պատշաճ կազմակերպվի ընտրական տեղամասում ընտրության քվեարկության գործընթացը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ բացահայտում. ԿԸՀ նախագահն անձամբ տեղեկացված է եղել իրավիճակից ընտրական տեղամասի պատասխանատուի միջոցով, ով, ի դեպ, հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ»,- ասաց նա։
Վարդևանյանը վերահաստատեց իր այն պնդումը, որ Վահագն Հովակիմյանը, որպես ԿԸՀ նախագահ, օբյեկտիվորեն չի կարող լինել անկախ և անաչառ, քանի որ նա ոչ միայն իշխող կուսակցության նախկին անդամ է, այլև դրա հիմնադիր անդամներից մեկը։
Արամ Վարդևանյանը նշեց, որ Սահմանադրական դատարանում քննության ընթացքում ԿԸՀ-ն ընդունել է ընտրախախտումների գոյությունը, սակայն պնդում է, թե դրանք էական ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա։
«Մենք ասում ենք, որ իհարկե ունեցել են էական ազդեցություն։ Բայց կարևոր հանգամանքն այն է, թե ով է ամբողջությամբ կիսում ԿԸՀ-ի այդ դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Եվ երբ ՔՊ-ն է մասնակցում, և Վահագն Հովակիմյանն է մասնակցում, սա արդեն խնդիր է»,- հավելեց նա։
Վարդևանյանը մեծագույն խնդիր որակեց նաև դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը դատաքննությանը՝ նշելով, որ դա հարվածում է ՍԴ կազմի լեգիտիմությանն ու հանրային վստահությանը։
Ներկայացնելով դատաքննության ընթացքում ի հայտ եկած այլ տվյալներ՝ Վարդևանյանն անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե մայիս-հունիս ամիսներին Հայաստան են ժամանել հարյուր հազարավոր կամ մեկ միլիոն հայրենակիցներ արտերկրից։
«Դիմե՛ք Սահմանադրական դատարանին, թող տրամադրեն Ազգային անվտանգության ծառայությունից ստացված համապատասխան տվյալները։ Փակագծերը ամբողջությամբ չբացահայտեմ, պարզապես ասեմ՝ այդ խոսակցությունը հերթական սուտն էր»,- ասաց Վարդևանյանը։
Ինչ վերաբերում է ընտրակաշառքների գործերին և հնչեցված թվերին, կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը պարզաբանեց, որ փետրվարի 7-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում խոսքը 258 մեղադրյալի մասին է, սակայն այդ գործերի ստվար զանգվածը դեռ նախաքննության փուլում է և կարող է կարճվել։