1632 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-30 12:55
Հայաստանով մեկ

Տաքսիների վարորդները և գրանցված աշխատողները հունվարի մեկից կմիանան առողջապահության ապահովագրությանը

Տաքսիների վարորդները և գրանցված աշխատողները հունվարի մեկից կմիանան առողջապահության ապահովագրությանը

Մեր նպատակն է 2028 թվականին 3 միլիոն բնակչությանը ներառել ապահովագրության մեջ և ավարտել պետպատվերի համակարգը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ամփոփելով առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին վեց ամիսների աշխատանքը։

Նրա խոսքով՝ հունվարի 1-ից գործարկված համակարգի ներդրման առաջին փուլն անցել է բավականին սահուն. ընդլայնվել է համակարգին միացած պոլիկլինիկաների, լաբորատորիաների և դեղատների աշխարհագրությունը։
Համակարգի մեկնարկից ի վեր շահառուների թիվը զգալիորեն աճել է՝ հունվարին հայտարարված 1.5 միլիոնի փոխարեն հասնելով շուրջ 1,700,000-ի։

«Այս 1,700,000 շահառուներից բժշկական ծառայություններից փաստացի օգտվել է 842,750 անձ։ Մատուցված ծառայությունների ընդհանուր թիվը կազմում է 8,399,491։ Խնդրում եմ չշփոթել. սա նշանակում է, որ մեկ անձը կարող է օգտված լինել մի քանի տարբեր կանխարգելիչ, սկրինինգային կամ հիվանդանոցային ծառայություններից»,- ասաց Ավանեսյանը։

Անդրադառնալով նախընտրական շրջանում հանրության շրջանում տարածվող լուրերին, թե ապահովագրությունը գործելու է միայն մինչև ընտրությունները, նախարարության ներկայացուցիչն ասաց, որ ծախսերը գտնվում են պլանավորման շրջանակներում, և նույնիսկ դիմելիության հետագա աճի դեպքում կառավարությունն ու նախարարությունն ունեն բավարար գործիքակազմ՝ բալանսը կարգավորելու համար, թեև այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։

Ավանեսյանի խոսքով՝ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգին կմիանան նոր խմբեր՝ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսու վարորդները և անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները։

«2028 թվականի հունվարի 1-ից համակարգում կներառվեն բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ գյուղացիական տնտեսություններում զբաղվածներն ու ուսանողները՝ ընդհանուր թիվը հասցնելով 3 միլիոնի։ Այդ ժամանակվանից պետական պատվերը՝ որպես առանձին բյուջետային ծրագիր, հիմնականում կդադարի գոյություն ունենալուց»,- նեշց Ավանեսյանը։