1356 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-30 16:44
Քաղաքական խաղադաշտ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիին

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և կարևորել Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը էապես նպաստում են նաև նման փոխայցելությունները և բարձրաստիճան ակտիվ շփումները։

Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳ նախարարությունների համատեղ ծրագրերը, մասնավորապես, հանցավորության, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում, ինչպես նաև ներքին անվտանգության մակարդակի էլ ավելի բարձրացման գործում։

Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել Հայաստանի գործընկերների հետ, այդ թվում՝ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Նրա համոզմամբ՝ դրանք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ կապերի ամրապնդմանը՝ ի նպաստ առկա մարտահրավերներին առավել արդյունավետ դիմագրավելուն։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցությանն ու տարբեր ուղղություններով հետագա քայլերին: