1683 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-02 13:54
Քաղաքական խաղադաշտ

Իրենց ճղում էին, բայց 29 մանդատ ստացան ու կգան խելոք կնստեն. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմությանը

Իրենց ճղում էին, բայց 29 մանդատ ստացան ու կգան խելոք կնստեն. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմությանը

Կգան, խելոք կնստեն․ դուք գժի տե՞ղ եք դրել հայ ժողովրդին։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ քննարկումներին։

Սիմոնյանի խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովն ավարտեց իր լիարժեք ցիկլը, և ԱԺ նախագահն իր պաշտոնը պաշտոնավարեց մինչև վերջ, ինչը վկայում է երկրում ներքին քաղաքական ստաբիլության մասին։

Անդրադառնալով ապագա խորհրդարանական աշխատանքներին և նորընտիր ընդդիմությանը՝ Ալեն Սիմոնյանը համբերություն մաղթեց իր գործընկերներին՝ Ռուբեն Ռուբինյանին, Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին։
«Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Խնդիրն այն է, որ իրենք քաղաքական չեն, նաև պարտված են, նաև ջախջախված են։ Իրենք գալու են այստեղ՝ ենթագիտակցորեն փորձելով ապացուցել, որ ուժեղ են կամ իրականում չեն պարտվել»,- ասաց նա։

ԱԺ նախագահը հիշեցրեց նախընտրական շրջանում արված իր կանխատեսումները՝ շեշտելով, որ ընդդիմությունը ստացել է հենց այնքան, որքան ինքն ասում էր։
«Իրենց ճղում էին, թե ինչ ենք ունենալու 10 օր հետո։ Ասել եմ՝ ինչ են ունենալու՝ 29 մանդատ են ունենալու։ Կգան, խելոք կնստեն։ Կամ այդ ինչ կլոունադա է, թե եկեք մի հատ հավաքվենք, քննարկենք՝ մանդատները վերցնելո՞ւ ենք, թե՞ չենք վերցնելու։ Դուք գժի տե՞ղ եք դրել հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը բնատուր իմաստություն ունի։ Իրականում սա պաշտոնակռիվ է մանդատի համար, որ գան այստեղ, պաշտոն ունենան ու «դեպուտատի» դեմքի արտահայտությունով ման գան»,- ասաց Սիմոնյանը։

Նա կարևորեց քաղաքական ինստիտուտների կայացումը և նշեց, որ հենց սերնդափոխությունն է ապահովում պետության շարունակականությունը։
«Ինչ-որ մի ժամանակ անց պարոն Ռուբինյանին և մյուս փոխնախագահներին միգուցե ուրիշ մարդ փոխարինի, և այդ ցիկլը պետք է շարունակվի։ Ինչ-որ մի պահ կգա, երբ որ ինչ-որ ընդդիմություն կհաղթի, և մենք կշնորհավորենք այդ ընդդիմությանը՝ իշխանություն դառնալու կապակցությամբ։ Այս ցիկլերն է պետք ապահովել, որպեսզի մենք պետություն ձևավորենք, պետություն ունենանք»,- հայտարարեց նա։