Ի՞նչ եք անում Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու համար։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նման հարցադրումով դիմեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ մատնացույց անելով իշխանությունների վախերն ու անգործությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային կոթողների պաշտպանության հարցում։
Պատգամավորը շեշտեց, որ Արցախում հայկական հետքը ջնջելու Ադրբեջանի քաղաքականությանը ՀՀ կառավարությունը ոչինչ չի հակադրում։
«Իմ հարցը, տիկին Անդրեասյան, վերաբերվում էր Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգությանը, որին դուք չպատասխանեցիք կամ վախեցաք»,- ասաց Խաչատրյանը։
Իր ելույթում Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև եվրոպական փորձին և մշակութային համակեցությանը՝ բերելով Ստրասբուրգի օրինակը, որտեղ հարգվում է ինչպես ֆրանսիական, այնպես էլ գերմանական պատմական ժառանգությունը։
«Սիրելի հայրենակիցներ, եվրոպական քաղաքականությունը հասկանալու համար անհրաժեշտ է գոնե մեկ անգամ լինել Ստրասբուրգում։ Ստրասբուրգի կենտրոնական հրապարակում ֆրանսերեն մեծ ցուցանակ կա՝ Հանրապետության հրապարակ (Place de la République), և մի քիչ ավելի փոքր տառատեսակով, ֆոնտով՝ Կայսերական հրապարակ (Kaiserplatz)՝ ֆրանսերեն և գերմաներեն։ Զբոսնելիս ասում են՝ սա հանրապետական շրջանի պատմական հուշարձանն է, սա՝ կայսերական շրջանի»,- ասաց նա։
Արթուր Խաչատրյանը նաև հակադարձեց նախարարի այն ռեպլիկին, թե պատգամավորն իրենից լավ գիտի ոլորտի խնդիրները, ինչը, ըստ բանախոսի, ԿԳՄՍ նախարարի թերացումների ու ցածր գիտելիքների բացահայտ խոստովանությունն է։
«Իսկ որ ասում եք՝ ինձնից լավ գիտեք, կարծեմ ընդունում եք, որ դուք այս պաշտոնի համար պիտանի չեք, որովհետև այս բնագավառում հուշարձանների պահպանության իմ գիտելիքները միջին վիճակագրական հայաստանցու մակարդակի են: Հիմա ի՞նչ, ընդունում եք, որ ձերն ավելի ցածր է»,- նշեց Խաչատրյանը։