2178 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-03 16:12
Քաղաքական խաղադաշտ

Դրանք քաղաքական հայտարարություններ են, ես չեմ կաշկանդվում. Ժորա Չիչոյան

Դրանք քաղաքական հայտարարություններ են, ես չեմ կաշկանդվում. Ժորա Չիչոյան

Անձամբ ինձ այդ հայտարարությունները չեն ճնշում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը՝ անդրադառնալով դատական համակարգի հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոշտ հայտարարություններին և մեղադրանքներին։

Դատարանի նախագահը նշեց, որ գործադիրի ղեկավարի կողմից հնչող որակումները դիտարկում է բացառապես քաղաքական տիրույթում և դրանք իր աշխատանքի վրա ազդեցություն չեն ունենում։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե դատավորները կոռումպացված են, փող են վերցնում, արդարացնում են մեղադրյալներին, Ժորա Չիչոյանն ասաց․ «Դա քաղաքական ղեկավարի հայտարարություն է, իսկ դատավորը կանոններով կաշկանվված է և իրավունք չունի քաղաքականությանը խառնվել։ Ենթադրում եմ՝ գործադիր իշխանության ղեկավարը քաղաքական հայտարարություն է անում, բայց և այնուամենայնիվ համաձայն եմ այն մտքի հետ, որ ցանկացած պաշտոնյա, ով կոռուպցիոն դրսևորումների մեջ է, պետք է պատասխանատվություն կրի»։

Հարցին, թե այս իրավիճակում ինչպե՞ս պետք է ապահովվի դատական համակարգի անկախությունը, Ժորա Չիչոյանը պատասխանեց, որ ցանկացած դատավոր նախևառաջ իր վարքագծով և գործելակերպով պետք է բարձր պահի համակարգի հեղինակությունը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում իր անունը կապվում է ԱԱԾ տնօրենի մտերմության հետ, ինչի շնորհիվ էլ երիտասարդ տարիքում դարձել է դատարանի նախագահ, ինչպես նաև այն պնդմանը, թե իր ղեկավարած դատարանը քննում է իշխանության համար կարևորագույն գործերը (օրինակ՝ Փաշինյանի որդու գործը), Չիչոյանն ասաց․ «Ձեր մատնանշած կոնկրետ գործով նաև Վճռաբեկ դատարանի որոշումը կա, խորհուրդ կտամ ծանոթանալ։ Վճռաբեկ դատարանը շատ հստակ նշել է, որ առաջին ատյանի դատարանի ակտը իրավաչափ է եղել, այնպես չէ, որ միայն առաջին ատյանի դատարանն է նման գործով նման որոշում կայացրել»։