Մեր նպատակը Հայաստանի համար այլընտրանք ստեղծելն է։ Կարծում եմ՝ դա Հայաստանի և յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է, կարծում եմ՝ բոլոր երկրներն աշխատում են այդ ուղղությամբ, որ այլընտրանք լինի։ Այս մասին Ղրղզստանում ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
« ԵԱՏՄ-ի համար լավագույն դիրքավորումը ոչ թե այս գործընթացի վրա հարձակումն է, այլ՝ հակառակը, աշխատելը, որ ավելի մեծացվի մրցունակությունը և ԵԱՏՄ գրավչությունը, դա ճիշտ մոտեցում է։ Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։
Հարցին՝ գուցե պետք է ընտրություն կատարել՝ Փաշինյանը պատասխանեց՝ նշելով, որ նախ պետք է ստեղծել ընտրություն, ինչից հետո արդեն հնարավոր կլինի անել այն։ Թե արդյոք հանրաքվե կլինի՝ դեպի ԵՄ գնալու՝ Փաշինյանն ասաց, որ հանրաքվե կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ ԵՄ մուտք գործելու համար, այսօր հնարավոր չէ հանրաքվե անցկացնել, իսկ այն, ինչ կատարվում է այժմ ԵԱՏՄ-ում, մասնավորապես, ՌԴ հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումները, միայն ԵԱՏՄ-ի նկատմամբ բացասական ընկալում են առաջացնում Հայաստանում։
Նրա խոսքով՝ առանց ԵԱՏՄ–ի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների իրագործման հնարավորության կազմակերպությունը կհայտնվի ճգնաժամում։ Հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները մեծ խնդիր են Հայաստանի համար, բայց նա կարծում է, որ դա մեծ խնդիր է նաև կազմակերպության համար։