Իրանի նախկին արտգործնախարար, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական «Ettelaat» պարբերականում հրապարակել է «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» վերնագրով հոդված՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ըստ «Պուրսոն» լրատվական կայքի՝ նա «Էթելաաթ» թերթում գրել է.«Որքանով ինձ հայտնի է, հայերի և իրանցիների միջև հարաբերությունների երկարատև պատմության ընթացքում երբեք նման աննորմալ երևույթներ չեն արձանագրվել՝ ավելի քան երկու հազար տարվա համատեղ հարաբերությունների ընթացքում՝ սկսած պարթևների ժամանակներից մինչև մեր օրերը։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին այցելել եմ Հայաստան և Երևանից մեկնել Էջմիածին (ներկայիս Վաղարշապատ)՝ հայերի կրոնական կենտրոն։ Այնտեղ հանդիպել եմ հայ հոգևորականության մեծանուն ներկայացուցիչների, եպիսկոպոսների և քահանաների։
Այնտեղ տեսա երկու եկեղեցի։ Մի եկեղեցին հոգևորականների և հոգևոր առաջնորդների նստավայրն էր, որտեղ հանդիպեցի հայ հոգևորականներին։ Դրա ուղիղ դիմաց գտնվում էր մեկ այլ եկեղեցի, որը կառուցվել էր շահ Աբբաս Մեծի կողմից և շատ գեղեցիկ ու տպավորիչ էր։
Ուսանողական տարիներին առաջին անգամ, երբ այցելեցի Սպահան, գնացի Ջուղայի թաղամաս և տեսա Վանքի եկեղեցին, որը հայերի համար կառուցվել էր Սեֆյան շահ Աբբասի կողմից։
Երկու երկրների հարաբերություններն ուսումնասիրելիս երբեք որևէ մութ էջ չեմ նկատել։
Իրանի և Ռուսաստանի երկրորդ պատերազմի ընթացքում, որն ավարտվեց Թուրքմենչայի պայմանագրի ստորագրմամբ, Հայաստանը անջատվեց Իրանից և դարձավ Ռուսաստանի մաս։
Վերոնշյալ իրադարձություններից հետո Իրանը երբեք ոտնձգություն չի կատարել այդ երկրի և նրա ժողովրդի անկախության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական։
Ես ճանաչում եմ հայկական քաղաքական կուսակցություններին և խմբերին, ինչպես նաև անձամբ հանդիպել եմ դրանց որոշ առաջնորդների հետ։ Իրանում՝ ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ դրանից հետո, հայ փոքրամասնությունը միշտ հարգված է եղել, և հայերն Իրանի Իսլամական խորհրդարանում ունեն երկու պատգամավոր։
Խորհրդային Միության փլուզումից և 15 անկախ հանրապետությունների ձևավորումից հետո Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները Խորհրդային Միության փլատակների վրա ձևավորված բոլոր հանրապետությունների հետ եղել են բարեկամական և բնականոն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցից ոմանք անբարյացակամ վերաբերմունք են դրսևորել։
2018 թվականին տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա» (կամ «գունավոր») հեղափոխության ժամանակ, հետևելով որոշ այլ հանրապետությունների, օրինակ՝ Ղրղզստանի և Վրաստանի օրինակին, Նիկոլ Փաշինյանը փորձեց տապալել Հայաստանի նախկին իշխանությանը, որը սերտորեն համագործակցում էր Մոսկվայի հետ։
Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության վնասակար քայլերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանքի խորացումն էր, որն այժմ առավել սրված է, քան երբևէ։
Սակայն վերջերս պարոն Փաշինյանն այնպիսի քայլեր է ձեռնարկել, որոնք Հայաստանի համար միայն պառակտում և խնդիրներ են առաջացնում և որևէ այլ արդյունք չեն տալիս։
Հայաստանի ժողովրդի շահերի դեմ ուղղված բոլոր բացասական գործողությունները կարելի է մեկ բառով ամփոփել՝ արևմտյան երկրների, հատկապես Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը հետևելու խորացում։ Խոսքը լիբերալ-դեմոկրատական կառավարման շարունակության մասին է, որի մեջ ո՛չ լիբերալիզմն է իսկական, ո՛չ էլ ժողովրդավարությունը։
Փաշինյանի այս վարքագիծը, հաշվի առնելով նրա անցյալի բարդ նախապատմությունը, Հարավային Կովկասում թշնամանքի և լարվածության նոր փուլ է բացում։
Վերջին ավելի քան ութ տարիների ընթացքում նա գաղտնի և բացահայտ շփումներ ու բանակցություններ է ունեցել բոլոր այն կողմերի հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանում անվտանգության պահպանմամբ կամ դրա խաթարմամբ և դրա նկատմամբ հավակնություններ ունեն։
Ներկայումս նրա հարաբերությունները Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, իսկ հավանաբար ապագայում նաև Վրաստանի հետ անկայուն են և անկանխատեսելի։
Նրա վերջին քայլը բազմադեմ մարդու՝ Թրամփի, անհիմն և չմտածված առաջարկի հաստատումն էր՝ Զանգեզուրի միջանցքի անվանումը «Թրամփի ուղի» (Trump Route) կամ «ԹՐԻՓ» (TRIPP) փոխելու վերաբերյալ։
Ես երկու առանձին հանդիպումների ընթացքում՝ մեկ անգամ այդ երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ, որը ժամանել էր Թեհրան, և մեկ այլ անգամ՝ Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ, նրանց հստակ ներկայացրել եմ իմ տեսակետները։
Իսկ այդ տեսակետները հետևյալն էին. Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղյակ է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի առջև ծառացած խնդիրներին։ Հետևաբար Հայաստանը կարող է սխալ հաշվարկ կատարել՝ կարծելով, թե քանի որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմով, ավելի քիչ ուշադրություն կդարձնի Հարավային Կովկասի անվտանգությանը։
Այդ պատճառով ես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել եմ, որ Իրանը՝ Ռուսաստանի հետ կամ առանց Ռուսաստանի, իրեն պատասխանատու է համարում Հարավային Կովկասի անվտանգության պահպանման համար։ Ինչպես որ Կյուրոս Մեծի ժամանակներից մինչև այսօր՝ Կովկասը, ընդհուպ մինչև Դաղստանի Դերբենդը, եղել է Իրանի անվտանգության պաշտպանիչ գոտին։
1400 թվականի խորդադ ամսին (2021 թվականի մայիս-հունիս) Թեհրանում կայացած Աստանայի գագաթնաժողովի ժամանակ, որտեղ ինձ բախտ էր վիճակվել ներկա գտնվել նահատակված առաջնորդի՝ նրա հոգու սրբության համար Աստծուն աղոթելով, Նորին Սրբությունը առավոտյան Էրդողանի, իսկ երեկոյան Պուտինի հետ հանդիպումների ընթացքում հստակ հայտարարեց.
«Մենք դեմ ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը»։
Նահատակված առաջնորդի ռազմավարական խոսքերը արտաքին քաղաքականության և Իրանի Իսլամական Հանրապետության կարևորագույն պետական հարցերի վերաբերյալ կարմիր գիծ են։
Վերոնշյալ երկու հանդիպումներից հետո Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կազմակերպեցին շատ հզոր զորավարժություններ։ Այդ ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նահատակված պետը այցելեց գործողությունների տարածք՝ ցուցադրելու Իրանի ուժն ու վճռականությունը։
Հայաստանի դեսպանին վերջին խոսքս հստակ ասացի. եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի այս կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը։
Անցած շաբաթվա վերջին Հայաստանի խորհրդարանում հավանություն տվեցին այս միջանցքի կառուցմանը։ Ի՞նչ է նշանակում այս քայլը։
Նիկոլ Փաշինյանի և նրա հետևորդների այս անարդյունք քայլն իսկապես մի գործողություն է, որը խայտառակություն կդառնա Հայաստանի ազնվական ժողովրդի համար, որն ունի քաղաքական հավասարակշռված և խոհեմ վարքագծի երկարամյա պատմություն»։