«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ նիստում հարցեր ուղղեց առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լուսինե Բադալյանին։
Խամոյանը նախ հարցրեց, թե ինչու է Բադալյանը որոշել առաջադրվել հանձնաժողովի նախագահի պաշտոնում, եթե նախորդ գումարման ընթացքում նման ցանկություն չուներ։
Անդրադառնալով առողջապահության ոլորտին՝ Խամոյանը հակադարձեց Բադալյանի այն դիտարկմանը, թե նախկինում մարդիկ իրենց անշարժ գույքն էին վաճառում բուժման համար։
«Ես ձեզ պետք է հիասթափեցնեմ․ այսօր էլ կան մարդիկ, ովքեր իրենց անշարժ գույքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար»,- ասաց նա՝ նշելով, որ առնվազն մեկ նման ընտանիքի ինքն անձամբ ճանաչում է։
Խամոյանը նաև ներկայացրեց քաղցկեղով հիվանդների թվի վերաբերյալ տվյալներ՝ նշելով, որ Հայաստանում յուրաքանչյուր 43-րդ մարդը քաղցկեղ ունի, իսկ Երևանում՝ յուրաքանչյուր 35-րդ քաղաքացին։ Նրա խոսքով՝ անկախացումից ի վեր Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 3,3 անգամ։
«Միայն Հայաստանի սահմաններից դուրս բուժում իրականացնելու մասին չէ խոսքը, խոսքը քիմիաթերապևտիկ նյութերի փոխհատուցման ծավալների մասին է։ Այսինքն՝ անգամ դա հնարավոր չի լինում ամբողջությամբ իրականացնել»,- ասաց Խամոյանը։
Նա նաև առաջարկեց Բադալյանին միասին այցելել Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտ՝ տեղում տեսնելու այն քաղաքացիներին, որոնք բախվում են այս խնդիրներին։
Բադալյանն ընդունեց, որ խնդիրը ամբողջությամբ լուծված չէ՝ նշելով, որ քիմիաթերապևտիկ դեղերի փոխհատուցման ծավալներն ավելացել են, սակայն դեռևս ամբողջական չեն։
Քննարկման ընթացքում Խամոյանը բարձրացրեց նաև ծանր հիվանդություններով քաղաքացիների համար առկա բյուրոկրատական խնդիրները, հերթերը և բուժման գործընթացի բարդ ընթացակարգերը։
Բադալյանի խոսքով՝ նման խնդիրներ չպետք է լինեն, իսկ կոնկրետ դեպքերում անհրաժեշտ է հասկանալ, թե որ օղակում է առաջացել խոչընդոտը։ Նա նաև նշեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսվում է պարտադիր դարձնել մի շարք սկրինինգային հետազոտություններ՝ քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը նպաստելու համար։