528 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-20 10:52
Քաղաքական խաղադաշտ

Ոստիկանները բռնություն են գործադրում կանանց նկատմամբ, ինչու՞ չեն նկատում

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում՝ «Հայաստան» խմբակցության կողմից Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Լիլիթ Գալստյանն անդրադարձել է մարդու իրավունքների վիճակին, քաղաքական հետապնդումներին և Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության թեմայով հանդիպման առաջարկին։

Գալստյանի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտում նահանջ է արձանագրվում, իսկ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացը, նրա գնահատմամբ, մարդու իրավունքների խախտման և քաղաքական հետապնդման օրինակ է։

Նա նշել է, որ Արեգնազ Մանուկյանը ավելի քան մեկ ամիս գտնվում է քրեակատարողական հիմնարկում, և որոշ ժամանակ սահմանափակված է եղել նաև ընտանիքի անդամների, այդ թվում՝ անչափահաս դստեր հետ տեսակցելու հնարավորությունը։

Գալստյանն անդրադարձել է նաև միջազգային կառույցների արձագանքներին՝ նշելով, որ Հայաստանը պետք է օգտագործի միջազգային բոլոր հնարավոր հարթակները՝ մարդու իրավունքների, արցախահայության վերադարձի և գերիների վերադարձի հարցերը բարձրաձայնելու համար։

Աննա Հակոբյանի՝ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ հանդիպման առաջարկի մասին Գալստյանը նշել է, որ իրենց խմբակցությունը դեռ պաշտոնական պատասխան չունի և այն կքննարկի։

«Ընտանեկան բռնությունը մեր քաղաքական ուժի առաջնահերթությունների մեջ է և քաղաքական ծրագրերի մեջ»,– նշել է Գալստյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում բռնության մթնոլորտը միայն ընտանեկան բռնության շրջանակում չէ, այլ առկա է հասարակության տարբեր ոլորտներում։

Գալստյանը նաև նշել է, որ Աննա Հակոբյանին դիտարկում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն իրավունք ունի օրինագծերի վերաբերյալ գաղափարներ ներկայացնելու, սակայն օրենսդրական նախաձեռնությունների համար Ազգային ժողովն ունի իր աշխատանքային մեխանիզմները։