1983 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-25 12:12
Քաղաքական խաղադաշտ

Արցախի թեման հանգիստ չի թողնում Ալիևի կամակատար Փաշինյանին․ Տաթևիկ Հայրապետյան

Արցախի թեման հանգիստ չի թողնում Ալիևի կամակատար Փաշինյանին․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Լեռնային Ղարաբաղի թեման հանգիստ չի թողնում Ալիևի կամակատար Փաշինյանին։ Ինչպես կրիմինալիստիկայում կա օրինաչափություն, որ հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այնպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին։ Ընդ որում, երեկվա ելույթի որոշ դրվագներ ինձ հիշեցնում էին Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպից որոշ հատվածներ։ Հատկապես այն մասը, երբ Ռոդիոն Ռասկոլնիկովը փորձում էր գտնել իր հանցանքի արդարացման «վեհ» կամ «տրամաբանական» ինքնարդարացումներ։

Փաշինյանն էլ այդ հոգեվիճակում է, նա բոլորից լավ գիտի, թե ինչ է արել, ինչպիսի որոշումներ է կայացրել պատերազմից առաջ, ընթացքում և հետո, ինչպես է հազարավոր կյանքեր կործանել, ինչպես է Ալիևին փաստացի օգնել իրագործել Արցախում էթնիկ զտում: Առաջ չէի գրի նման բան, բայց հիմա ինձ համար արդեն ակնհայտ է, թե ինչու է նա համառորեն մաքրում Ալիևին էթնիկ զտման թեմայից, որովհետև իր ենթագիտակցության և գիտակցության մեջ գիտի՝ ինքն է իր քայլերով ու որոշումներով հնարավոր դարձրել դա․․․

Եթե Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած, անհավասարակշիռ ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության և սերունդների առաջ, ապա նա չարաչար սխալվում է․ նա եղել ու մնալու է պատմության մեջ որպես Արցախը հանձնած ղեկավար։
Նա առհասարակ չգիտի, որ պատմությունը միշտ բերում ու բոլորին դնում է իրենց տեղերում, նա չգիտի, որ անգամ Ստալինի, Բերիայի և ահ ու սարսափ տարածող այլ գործիչների ողջ արածն ու ասածը, ողջ քարոզչական գործը կարող է հաշված ժամերում անհետանալ իրենց մահից կամ ձերբակալվելուց հետո։ Իսկ հետո պատմությունը բոլորին կդնի իր տեղը․․․

Այնպես որ մեզ նյարդայնացնող արցախատյաց ելույթները իրականում ինքնաարդարացման չստացված փորձեր են ընդամենը, բայց, ինչպես «Ոճիր և պատիժ» վեպում է ասվում՝ «Ամեն ինչում կա մի սահման, որից այն կողմ անցնելը վտանգավոր է, քանզի մեկ անգամ անցնելուց հետո անհնար է հետ դառնալ»…»,- գրել է նա։