Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գերշ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։
Կարևորվել է խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունն այս գործընթացում։
Հայ հոգևոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք և Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության և ապագայի, երկու երկրների միջև բարեկամության համար։
Հոգևոր առաջնորդներն իրենց աղոթքում անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացում։