Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանն այսօր գլխիկոր էր պատասխանում լրագրողների հարցերին՝ վախից, թե՞ ամոթից, տարբերությունն էական չէ:
Արդեն բոլորին է հայտնի, որ կալանավայր տեղափոխելու առաջին իսկ օրից Միքայել և Բագրատ սրբազաններին գաղտնալսել են: Պարզվում է՝ ի հայտ են եկել Արա Զոհրաբյանին ամենևին ոչ հաճելի հանգամանքներ:
Ըստ գաղտնալսման նյութերի՝ Արա Զոհրաբյանը Միքայել Սրբազանին հավատացրել է, թե ազատության միակ գինը վարչապետի թեկնածությունից հրաժարվելն է:
Սա այլևս ենթադրություն կամ զրպարտություն չէ։ Սա փաստ է, որը կցված է քրեական գործի նյութերին և ուղարկվել է դատարան։
Այժմ հարց է ծագում․ արդյո՞ք ազնվություն կունենա Արա Զոհրաբյանը և կխոստովանի, թե ինչ «սև» ուժերի ցուցումով էր համոզում Սրբազանին՝ հրաժարվել թեկնածությունից։ Ո՞վ էր կանգնած այս քաղաքական շանտաժի հետևում, Նիկոլ Փաշինյանը, թե՞ նրան բերողները:
Եվ ուրեմն, արդյո՞ք պատահականություն էր, որ Արա Զոհրաբյանը հենց քննչական կոմիտեի աստիճաններից իջնելիս հապճեպ հրապարակեց այդքան «բաղձալի» հայտարարությունը, որտեղ Միքայել Սրբազանը հրաժարվում էր վարչապետի միասնական թեկնածուի առաջարկից, որի հեղինակը «Հայաստան» դաշինքն էր:
Արդյո՞ք պատահական էր, որ հենց նույն վայրկյաններին հայտնի քաղաքական ուժը հայտարարեց, թե կմիանան իմպիչմենտի գործընթացին միայն այն պարագայում, երբ Միքայել Սրբազանը տա իր համաձայնությունը:
Արա Զոհրաբյանը փաստացի գործեց ոչ թե որպես պաշտպան, այլ որպես քաղաքական Հուդա՝ իր վստահորդին դավաճանած և նրա ազատության հաշվին կասկածելի ուժերի շահերը սպասարկած անձ։
Լիա Սարգսյան