384 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-20 14:33
Քաղաքական խաղադաշտ

Հույս ունենք՝ շատ շուտով կունենանք բաց ցամաքային սահման հարևան Թուրքիայի հետ. Մարիա Կարապետյան

Հույս ունենք՝ շատ շուտով կունենանք բաց ցամաքային սահման հարևան Թուրքիայի հետ. Մարիա Կարապետյան

Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը:

«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ,

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը պատմական քայլ կատարեցին՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը և վերահաստատելով բոլոր հաղորդակցությունները վերաբացելու իրենց հանձնառությունը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի վրա: Հայաստանը և Միացյալ Նահանգներն էլ պայմանավորվել են աշխատել միմյանց և փոխհամաձայնեցված այլ գործընկերների հետ՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վրա:

Սա լայնածավալ ենթակառուցվածքային ծրագիր է նոր երկաթուղիների, գազի և նավթի խողովակաշարերի, էլեկտրաէներգիայի ու ինտերնետի մալուխների անցկացման համար ամբողջ Հայաստանում:

Այս առումով, հարգելի՛ գործընկերներ, Հարավային Կովկասում ենթակառուցվածքային նախագծերի մասին խոսելիս չափազանց կարևոր է օգտագործել լեգիտիմ տերմինաբանությունը, որը փոխադարձ համաձայնեցված է և հարգում է տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքները:

Ադրբեջանն այս հոկտեմբերին հայտարարեց, որ վերացնում է իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցման նկատմամբ բոլոր սահմանափակումները, և նախագահ Ալիւեը դա համարեց հստակ նշան, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում: Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնել այս կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել տարանցում ապահովել Թուրքիայից դեպի Ադրբեջան, ինչպես նաև Ադրբեջանի երկու մասերի միջև՝ այսօր մեր տարածքում առկա ճանապարհներով:

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան հացահատիկի փոխադրումը Ղազախստանից ու Ռուսաստանից ցույց է տալիս, որ ավելի լայն տարածաշրջանն ընդունում է խաղաղության փաստը և արդեն օգուտներ է քաղում հաղորդակցությունների ապաշրջափակումից:

Հարավային Կովկասում Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կարող են ամրապնդել միմյանց, ինչպես նաև տարածաշրջանի դերը՝ որպես կարևորագույն տարանցիկ հանգույց, որը կապում է Եվրոպան, Սև ծովը, Թուրքիան, Կասպից ծովը և Կենտրոնական Ասիան:

Մենք հույս ունենք, որ շատ շուտով կունենանք նաև բաց ցամաքային սահման ու դիվանագիտական հարաբերություններ մեր հարևան Թուրքիայի հետ:

Ամփոփելով՝ այս նոր տարածաշրջանային միջավայրն իրական հնարավորություններ է բացում Եվրոպական միության Գլոբալ դարպասների ռազմավարության և Միջին միջանցքի համար:

Շնորհակալություն»,- ասել է Մարիա Կարապետյանը: