Արցախում՝ հայկական խաչքարերը Ադրբեջանը ներկայացնում է «աղվանական ծագման»
\nԱդրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղի խաչքարերը «ադրբեջանական» կողմը ներկայացնում է իբր «աղվանական ծագման» հուշարձաններ՝ շարունակելով այն քաղաքականությունը, որը միջազգային փորձագետների և ոլորտային մասնագետների լայն շրջանակը գնահատում է որպես պատմամշակութային ժառանգության համակարգված վերագրում և մշակութային ինքնության կեղծում։ Այս մասին «Իշխանության» հետ զրույցում ասաց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։\n
«Այս գործընթացը նոր երևույթ չէ․ հայկական պատմաճարտարապետական ժառանգության «աղվանականացման» քաղաքականությունը սկիզբ է առել դեռևս 1950-ականների վերջին և հետագայում՝ 1960-ականներից, առավել ուժեղանալով։ Այդ ժամանակներից մինչև այսօր այն վերածվել է պետականորեն համակարգված ռազմավարության, որի բոլոր մակարդակները վերահսկվում են «Ադրբեջանի» իշխանությունների կողմից՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ»,- նշեց փորձագետը։
\nԱվանեսովի խոսքով՝ քննադատների դիտարկմամբ, այս քաղաքականության առանցքում գտնվում է պատմական փաստերի խեղաթյուրումը, որի հիմնական նպատակն է տարածաշրջանում հայկական մշակութային ներկայությունը հիմնովին ոչնչացնելը։
«Նախորդ տասնամյակներում «Ադրբեջանի» գաղափարախոսական հարվածի թիրախը հիմնականում Արցախի, Ուտիքի և Նախիջևանի հայկական հուշարձաններն էին, սակայն 2000-ականներից սկսած քաղաքականության աշխարհագրությունն ընդլայնվեց։ Այն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հարյուրավոր վանքեր ու եկեղեցիներ՝ Էջմիածնի մայր տաճարից մինչև Սևանավանք, Նորավանք, Հաղարծին, Գոշավանք, Տաթև, Հառիճավանք, Գեղարդավանք և այլն»,-նշեց զրուցակիցս։\n
Ավանեսովի դիտարկմամբ՝ նույնօրինակ ակադեմիականորեն չհիմնավորված վերագրումներ կատարվել են նաև Վրաստանի և Արևմտյան Հայաստանի (Հայոց ցեղասպանության հետևանքով Թուրքիայի կողմից բռնազավթված) տարածքներում գտնվող հայկական եկեղեցիների նկատմամբ, ներառյալ Աղթամարի Սուրբ Խաչը։
\nՆա նաև նկատում է՝ մտահոգիչ է, որ այս քաղաքականությունը տարածվել է նաև վրացական ժառանգության վրա․ ամենավառ օրինակներից է Դավիթ Գարեջայի վանական համալիրը, որը Բաքվի վարչակարգը ներկայացրել է որպես «աղվանական»։\n
«Ադրբեջանի վարչախմբի այս քաղաքականությունը ոչ միայն վտանգում է տարածաշրջանային պատմությունը, այլև ամբողջ Կովկասի մշակութային բազմազանությունը։ Աղվանականացման քաղաքականությունը չի սահմանափակվում միայն սխալ կամ գիտական հիմքեր չունեցող վերագրումներով․ այն ուղեկցվում է նաև մշակութային ժառանգության համակարգված ոչնչացմամբ»,ասաց Ավանեսովը։\n
Փորձագետի դիտարկմամբ՝ սա միջազգային իրավունքի տեսանկյունից դիտվում է որպես կրկնակի խախտում․ նախ՝ ժառանգության իսկության խեղաթյուրում, ապա՝ դրա ֆիզիկական ոչնչացում։ Խաչքարերի ոչնչացումը, ըստ փորձագետի, համարվում է մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն։
\nԱվանեսովը ընդգծում է՝ «Մասնավորապես՝ Ջուղայի խաչքարերի ամբողջական վերացումը, որի տարածքում հետագայում կառուցվել է ռազմական հրաձգարան, լայնորեն արձանագրված է անկախ դիտորդների, լուսանկարիչների և մի շարք միջազգային կազմակերպությունների զեկույցներում։ Նույն ճակատագրին են արժանացել նաև Արցախի պատմամշակութային հուշարձանները՝ այդ թվում Հադրութի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (գյուղը հետագայում ոչնչացվել է) , Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը «ադրբեջանական» պետական քարոչամեքենան ներկայացրել է որպես «ուղղափառ» կամ «աղվանական» եկեղեցի և այլ պատմամշակութային հուշարձաններ»։\n
Փորձագետը համոզված է՝ այս փաստերը, որոնք բազմիցս արձանագրված են անկախ հետազոտողների, միջազգային մամուլի և վավերագրական նյութերի միջոցով, վկայում են համակարգված քաղաքականության մասին, որը նպատակ ունի ոչ միայն հայկական մշակութային ժառանգության ժխտմանը, այլև տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների բազմաշերտ ինքնության քայքայմանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Արցախի ամբողջ քաղաքակրթական ժառանգությունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ։\n
Լրագրող Նարինե Ղուկասյան\n