«ՈՒժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծում է, որ վերջին ութ տարիների ընթացքում Արցախի պաշտպանության, Հայաստանի պաշտպանության համար Արցախից և Հայաստանից զոհված բոլոր հայրենակիցների անունները պետք է հրապարակվի, միաժամանակ, նա առաջարկեց կառավարության կողմից ոգեկոչման արարողություն իրականացնել։
Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանը պնդեց, որ չի կարող այդ ցուցակը անվանական հրապարակված չլինել։ «Փաստացի, համապատասխան հիմնադրամը գումարներ է տրամադրվում իր գործառույթի շրջանակում։ Իմ համար անհասկանալի է եղել, թե ինչու են գալիս ասում՝ ցուցակը հրապարակված չի։ Չի կարող, որովհետև գումար է տրամադրվում։
Ինչ վերաբերվում է ձեր մատնանշած միջոցառմանը, ես ինքս որպես այդպիսին նմանատիպ միջոցառմանը դեմ չեմ։ Կարծում եմ, դա քննարկելի է»։
Կարապետյանը պնդեց, որ խոսքը նաև Արցախի մեր հայրենակիցների ընդգրկման մասին է խոսքը, այսինքն հայկական կողմի ընդհանուր զոհերի անվանական հրապարկման մասին է խոսքը։
Կարապետյանը նաև հարցրեց, թե ինչ գործիքակազմ պետք է տրվի ռազմարդյունաբերության ընկերություններին՝ ոլորտի զարգացման համար։
Գաբրիելյանն ի պատասխան նշեց, որ թիմակիցների հետ բանավեճ են ունեցել, մեր հանրության մեջ մեծամասնությունը կարծում է, որ ռազմարդյունաբերությունը, այնուամենայնիվ, վերաբերվում է հիմնականում պաշտպանության ոլորտին։ «Ես չեմ կարծում, որ դա բացառապես պաշտպանական ոլորտի պրերագատիվան է, դա տնտեսություն է, դրա խորքում ավելի շատ գիտություն է նախ և առաջ, այդ թվում նաև նորարական գիտությունը։ Ես այնուամենայնիվ, հիմնական խնդիրը, որ տեսնում եմ պետություն և մասնավոր փոխգործակցության մեջտեղում, բավականին մեծ բյուրոկրատական շղթայի առկայությունն է։ Կարծում եմ, այդ շղթան պետք է կրճատել, իհարկե, հաշվի առնելով պետական շահերը»։