ՀՀ-ում ամեն ինչ որոշում է մարդը, քաղաքացին։ Մեզ ասում են, որ այս կառավարությունը փորձում է պատասխանատվությունը իշխանության վրայից տեղափոխել մարդու և անհատի վրա։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Նրբությունն այն է, որ անհատի քաղաքական ամենամեծ անելիքը հենց քաղաքական իշխանությունը ձևավորելն է, այսինքն, կառավարության ձևավորման պատասխանատվությունը էլի մարդու վրա է։ Երկրում խորհրդարան ընտրում է քաղաքացին, ավագանի ընտրում է քաղաքացին, այսինքն, կառավարության և մնացած իշխանության օղակներում որոշիչ դերը պատկանում է ՀՀ քաղաքացու՝ անհատ մարդուն ու ի բնե պատասխանատվությունը մարդու վրա է։
Բայց միայն ընտրություններով չէ, ընտրությունը պարտադիր չէ, որ քվեարկությամբ տեղի ունենա, որովհետև երբեմն ընտրությունը տեղի է ունենում ոչ ընտրական ճանապարհով՝ հանրային վերաբերմունքի ձևավորմամբ։ Ես առնվազն մի քանի անգամ ասել եմ, որ ՀՀ քաղաքացին որ պահին ուզենա՝ կարող է ՀՀ-ում հեղափոխություն անել, եթե քաղաքացին ուզենա հեղափոխություն անել՝ չկա որևէ ուժ, որ կարողանա կասեցնել այդ հեղափոխությունը»։