459 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-23 09:03
Քաղաքական խաղադաշտ

Ալեն Սիմոնյանն ասում է՝ «մեզ չի հետաքրքրում, թե Վենետիկի հանձնաժողովն ինչ կասի, որոշողը մենք ենք»․ Մինասյանը՝ դիտորդական դաշտը վերահսկելի դարձնելու ՔՊ նախագծի մասին

Ալեն Սիմոնյանն ասում է՝ «մեզ չի հետաքրքրում, թե Վենետիկի հանձնաժողովն ինչ կասի, որոշողը մենք ենք»․ Մինասյանը՝ դիտորդական դաշտը վերահսկելի դարձնելու ՔՊ նախագծի մասին

Ընտրական գործընթացում Վենետիկի հանձնաժողովը դիտորդական առաքելությունների, վստահված անձանց և այս բոլոր հարցերը համարում է սկզբունքային հարցեր։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից հրավիրված արտահերթ նիստին և հրատապ կերպով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու գործընթացին։ Նշենք, որ, ըստ Մինասյանի, նախագծի նպատակն է վերահսկելի դիտորդական առաքելություն իրականացնել։

«Բայց զարմանալին այն է, որ իրենք այսքան խոսում են, ԵՄ-ն էլ դոշով պաշտպանում է ժողովրդավարական ընտրական գործընթացները, բայց երբ մենք հարցադրում ենք անում, Ալեն Սիմոնյանն ասում է՝ «մեզ չի հետաքրքրում, թե Վենետիկի հանձնաժողովն ինչ կասի»»,– ասաց Մինասյանը։

Հարցին՝ ե՞րբ է ասել՝ Մինասյանը պատասխանեց, որ այսօր առավոտյան՝ ԱԺ խորհրդի նիստում։

«Ասում է՝ խորհուրդը մենք ենք, մենք ենք որոշում, և ձեր առաջարկն էլ ընդունելի չէ մեզ համար»,– շարունակեց նա։

Իսկ թե իրենք ինչ են առաջարկել, ասաց․ «Մենք առաջարկում էինք՝ բերեք սա մի արեք, հանրային քննարկման բերեք, միջազգային փորձագետների տեսակետները լսենք, բոլոր կողմերի կարծիքները լսենք և հետո առաջ տանենք։ Նույնիսկ եթե մեկ տարվա կանոնը խախտում եք, դա պետք է արվի լայն կոնսենսուսով։ Մերժեցին և ցույց տվեցին, որ բռնապետի հրահանգը պետք է կատարեն»,– ասաց նա։